ՀՀ Ազգային ժողովում քննարկվում է «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով արգելել ծխախոտի, ինչպես նաև ժամը 06:00-ից մինչեւ 22:00-ը' թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային միավոր), բացառությամբ տեղական արտադրության կոնյակի, գովազդը: Ներկայացնելով օրենքի նախագիծը՝ հիմնական զեկուցող Սամվել Ֆարմանյանը նշեց, որ նախագիծը պայմանավորված է առանձին ապրանքատեսակների գովազդի առանձնահատկություններն առավել մանրամասնորեն սահմանելու, զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցների ֆինանսական ինքնաբավությունը բարձրացնելու, ինչպես նաեւ առանձին ալկոհոլային խմիչքների (տեղական արտադրության կոնյակ)՝ զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներում գովազդային առանձնահատկությունները հստակեցնելու պահանջով:

 

««Գովազի մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ կետը սահմանում է առանձին ապրանքատեսակների, այդ թվում՝ ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների գովազդի առանձնահատկությունները, ամրագրում որոշակի տրամաբանական սահմանափակումներ»,-նշեց Ֆարմանյանն՝ ընդգծելով, որ ներկայացված օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներին հնարավորություն կտրվի երեկոյան ժամը 22:00-ից մինչեւ առավոտյան 06 :00-ը ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային տոկոս) գովազդ:

 

Սամվել Ֆարմանյանը նշեց, որ ՀՀ-ում սպառվող ալկոհոլային խմիչքների արտադրությամբ կամ ներմուծմամբ զբաղվող խոշոր ընկերությունները, գործող օրենքի սահմանափակումներով պայմանավորված, մեր երկրի համար չեն նախատեսում գովազդային բյուջեներ, ինչը տարեկան կտրածքով բավականին լուրջ ֆինանսական միջոցներ են, ինչպես ֆինանսատնեսական ճգնաժամի հետեւանքով ծանր ֆինանսական իրավիճակում հայտնված հայաստանյան հեռուստատեսությունների, այնպես էլ ընդհանուր առմամբ, դրանից գանձվող պետական բյուջեի մուտքերի տեսանկյունից:

 

Օրենսդրական այս նախաձեռնությամբ նախատեսվում է մասնավորեցում, որպեսզի թուլյատրվի բացառապես տեղական արտադրության՝ հայկական կոնյակի գովազդը: Նման փոփոխությունը նպատակ ունի գովազդի շուկայում օրենսդրորեն ամրագրել կոնյակի տեղական արտադրությունը խթանելու պետական քաղաքականությունը: