Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը դեմ է «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին, որով առաջարկվում է երեկոյան ժամը 22:00-6:00-ն հեռուստատեսությամբ թույլատրել թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը: Նախագծի քննարկման ժամանակ Աղվան Վարդանյանը նշեց, որ չի կարելի օրենքով թույլատրել թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը: «Հայաստանն ԱՊՀ տարածքում միակ երկիրն է, որը պատրաստվում է թունդ ալկոհոլային խմիչքների գովազդ թույլատրել: Չի կարելի այսպիսի օրենք ընդունել մի քանի լրատվամիջոցների շահը բավարարելու համար»,-նշեց Վարդանյանը:

 

Աղվան Վարդանյանը նշեց, որ այսօր հեռուստաընկերություններում գովազգի շուկան ամենաստվերայինն է, և նման պարագայում այսպիսի նախագծի ընդունումն անթույլատրելի է: Պատգամավորը նախագծի հեղինակներին առաջարկեց հետ վերցնել նախագիծը, փոփոխություններ կատարել և նոր միայն քննարկման ներկայացնել:

 

Ազգային ժողովում քննարկվում է «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով արգելել ծխախոտի, ինչպես նաև ժամը 06:00-22:00-ը թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային միավոր), բացառությամբ տեղական արտադրության կոնյակի, գովազդը: Նախագիծը պայմանավորված է առանձին ապրանքատեսակների գովազդի առանձնահատկություններն առավել մանրամասնորեն սահմանելու, զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցների ֆինանսական ինքնաբավությունը բարձրացնելու, ինչպես նաև առանձին ալկոհոլային խմիչքների (տեղական արտադրության կոնյակ)՝ զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներում գովազդային առանձնահատկությունները հստակեցնելու պահանջով:

 

Օրեսնդրական նախաձեռնությամբ պահպանվում է բնակչության անչափահաս հատվածի վրա ալկոհոլային խմիչքների գովազդի ազդեցության սահմանափակումը՝ ժ. 06:00-22:00-ն զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով արգելվում է թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս), բացառությամբ տեղական արտադրության կոնյակի, գովազդը: