Այսօր մամուլում լուրեր էին տարածվել, որ Որոտանի հէկ-ի վաճառքից հետո սպասվում են էլեկտրաէներգիայի թանկացումներ:

 

Ըստ լուրերի' ներկայումս Որոտանի հէկ-ն իր արտադրած էլեկտրաէներգիան վաճառում է 8.2 դրամ/կՎտժ սակագնով: Սակայն, ինչպես նշված է 2014թ. հունվարի 29-ին ՀՀ կառավարության և ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության միջև ստորագրված պայմանագրի հավելվածում, 2015թ. հուլիսից նախատեսվում է սակագնի փոփոխություն. 1 կՎտ/ժամ էլ. էներգիան ներկայիս 8 դրամի փոխարեն կվաճառվի 15,5 դրամ, իսկ 2018-ից՝ 16,4 դրամ: Ըստ մամուլի' սա կբերի Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների լրացուցիչ բարձրացման:

 

Լուրեր.com-ի հետ զրույցում Հանրային ծառույությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի բաժնի աշխատակից Մարիամ Ստեփանյանը նշեց, որ պետք է տվյալ թերթից ճշտել, թե ինչ հիմք ունեն նման ենթադրություններ անելու, քանի որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

 

«Որոտան հէկ-երի կասկադը նման մտադրություն, եթե ունենա, մենք դա կիմանանք մեծաքանակ տպաքանակ ունեցող թերթերում տպված հայտարարությունից: Հանրությունը նախապես կիրազեկվի այդ մասին»,-ասաց Ստեփանյանը: