Գերագույն ռադան որոշում է ընդունել «Եվրոպական Միությանն Ուկրաինայի ինտեգրացման քաղաքականության հաստատման և այդ ուղղությամբ առաջնահերթ միջոցառումների մասին»: Այս մասին հայտնում է «Ուկրինֆորմը»:

 

Համապատասխան որոշման օգտին քվեարկել է 252 ժողովրդական պատգամավոր:

 

Այդ որոշմամբ պատգամավորներն Ուկրաինայի նախագահ պաշտոնակատարին հանձնարարում են կոչ անել ԵՄ-ին՝ անհետաձգելիորեն կիրառել ՌԴ-ի վրա ճնշում գործադրելու առկա բոլոր լծակները նրա գործողությունների կապակցությամբ, որոնք ուղղված են Ուկրաինայի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ:

 

Պատգամավորները նաև Ուկրաինայի վարչապետին լիազորում են՝ հնարավորինս արագ պետության անունից կնքել Ասոցացման մասին համաձայնագիրը մի կողմից՝ Ուկրաինայի և, մյուս կողմից՝ Եվրամիության, Եվրոպայի ատոմային էներգիայի համագործակցության և նրա անդամ պետությունների միջև:

 

Ուկրաինայի խորհրդարանը նաև դիմել է ՄԱԿ-ին՝ Ղրիմի Ինքնավար Հանրապետության իրադրությունն անհապաղ քննարկելու կոչով: «Դրա հետ մեկտեղ, ՄԱԿ-ի Կանոնադրությամբ սահմանված ինքնապաշտպանության իրավունքով Ուկրաինան իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտության դեպքում օգնության համար դիմել ցանկացած պետության կամ հավաքական անվտանգության տարածաշրջանային համակարգի՝ իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը վերականգնելու համար»,-նշվում է փաստաթղթում: