Ղրիմի պետական ծառայողները, զինվորականները և ուժայինները կկարողանան ընտրություն կատարել հանրապետությանը երդում տալու կամ իրենց գործունեությունը տարածաշրջանի սահմաններից դուրս շարունակելու միջև, հայտարարել է Ղրիմի Պետխորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

 

«Նրանք, ովքեր, ելնելով իրենց համոզմունքներից, չեն ընդունում Ղրիմի անկախությունը և հավատարիմ են մնում ուկրաինական պետությանը, չեն հետապնդվի: Այսպես, Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներին կառաջարկվի այլընտրանք. ծառայել Ղրիմում՝ երդում տալով Հանրապետությանը, կամ այն շարունակել Ղրիմի սահմաններից դուրս՝ ուկրաինական բանակի կազմում: Նույն այդ սկզբունքը կկիրառվի պետական ծառայողների, ուժային կառույցների աշխատողների, բոլոր նրանց նկատմամբ, ովքեր հավատարմության երդում են տվել Ուկրաինային: Ոչ ոք ոչ ոքի ուժով երդվել չի ստիպի»,-ասել է Կոնստանտինովը, որի խոսքը մեջբերված է Ղրիմի հանրապետության խորհրդարանի պաշտոնական կայքում:

 

Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադայում «Ազատություն» խմբակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը հայտարարել է, որ Ուկրաինայի՝ Ղրիմում գտնվող զինված ուժերը մտադիր չեն հեռանալ թերակղզու տարածքից: «Ուկրաինական զորքերը Ղրիմից չեն հեռանա: Դա մեր տարածքն է, և մենք կպաշտպանենք այդ տարածքը»,-Կիևում լրագրողներին ասել է Տյագնիբոկը: Նրա կարծիքով՝ մարտի 16-ին Ղրիմում անցկացված հանրաքվեն անօրինական է: Նա այն որակել է «կեղծ սոցիոլոգիական հարցում»: Իր հերթին Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը դիմել է Ուկրաինայի Սահմանադրական դատարան՝ ստուգելու Ուկրաինայի Սահմանադրությանը Ղրիմի Գերագույն խորհրդի մարտի 11-ին ընդունված «Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի անկախության հռչակագրի մասին» որոշման համապատասխանությունը:

 

Մարտի 14-ին Ուկրաինայի Սահմանադրական դատարանը ոչ սահմանադրական է ճանաչել «Համաղրիմյան հանրաքվե անցկացնելու մասին» Ղրիմի Գերագույն խորհրդի մարտի 6-ի որոշումը: Սահմանադրական դատարանի վճռի համաձայն՝ Ղրիմի Ինքնավար Հանրապետության որոշումը ճանաչվել է ոչ սահմանադրական, կորցնում է գործողությունը Սահմանադրական դատարանի սույն վճռի ընդունման օրվանից: Մարտի 15-ին Ուկրաինայի Գերագույն ռադան վաղաժամկետ դադարեցրել էր Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի լիազորությունները: