Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այն կարծիքին է, որ Ռուսաստանը, չնայած Արեւմուտքի ճնշմանը, չի նահանջի Ղրիմի վերավերյալ իր որոշումից:

 

«Կարծում եմ, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի, եւ դա պետք է տեղի ունենա խաղաղ ճանապարհով, սակայն Ղրիմի հարցում Ռուսաստանը ոչ մի քայլ չի նահանջի եւ, ի պատասխան Արեւմուտքի ճնշման, կօգտագործի իր բոլոր ռեսուրսները»,- հայտարարել է Իվանիշվիլին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում:

 

Նա նշել է, որ առաջիկա օրերին ու շաբաթներին պայքար կընթանա Արեւմուտքի եւ Ռուսաստանի ռեսուրսների միջեւ: «Կարծում եմ, որ Ղրիմում Ռուսաստանի գործողություններին Արեւմուտքի հակազդումը կլինի չափավոր, ավելի ուժեղ, քան Վրաստանի 2008 թվականի իրադրությանը, բայց ոչ բավականաչափ արմատական՝ Ուկրաինայի մնացած տարածքում կամ այլ երկրներում իրադրության էսկալացում թույլ չտալու համար»,- ասել է Իվանիշվիլին:

 

Նրա կարծիքով՝ «Արեւմուտքի ճնշումը լուրջ ազդեցություն կգործի Ռուսաստանի վրա, քանի որ նրա ռեսուրսներն անսահման չեն», հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: