Malaysia Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչում էր Կուալա Լումպուրից Սեուլ չվերթով, մարտի լույս 24-ի գիշերը հարկադրաբար վայրէջք է կատարել Հոնկոնգում էլեկտրագեներատորի անջատման պատճառով: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:

 

Ավիաընկերության հայտարարության մեջ ասված է, որ թռիչքի ժամանակ խափանվել է ինքնաթիռի հիմնական էլեկտրագեներատորը, ըստ որում էլեկտրականություն արտադրող օժանդակ կայանքը շարունակել է աշխատել:

 

Airbus A330-300 ինքնաթիռը, որտեղ եղել է 270 մարդ, Հոնկոնգում հաջողությամբ վայրէջք է կատարել տեղական ժամանակով ժամը 03.00-ին: Ուղևորները ճանապարհը շարունակել են այլ չվերթներով:

 

Միջադեպը տեղի է ունեցել Malaysia Airlines-ի Boeing 777 ինքնաթիռի շարունակվող որոնումների ֆոնի վրա, որը մարտի լույս 8-ի գիշերը քաղաքացիական ռադարներից անհետացել է Հարավչինական ծովի երկնքում: