Սիրիայում կառավարական զորքերի կողմից անցկացված հատուկ գործողության ընթացքում ոչնչացվել են «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» կոչված ահաբեկչական խմբավորման կազմում կռվող ադրբեջանցիներից կազմված ջոկատի 13 անդամներ: Այս մասին հայտնում է ադրբեջանական ANS PRESS լրատվական գործակալությունը' հղում կատարելով կրոնական ծայրահեղականների կայքերին:
Ըստ տեղեկությունների, Սիրիայի կառավարական զորքերի կողմից ծրագրված ծուղակում են հայտնվել ադրբեջանցի 25 մոջահեդներ, որոնցից կեսին հաջողվել է դուրս պրծնել: Նշվում է, որ միջադեպի ընթացքում զոհվել են նաեւ երկու թուրք մարտիկներ' Աբու Իսմայիլը եւ Մուստաֆան' Անկարայից:
Ադրբեջանական ԶԼՄ-ները մարտի 24-ին հայտնել էին, որ վերջին օրերին Սիրիայում կառավարական ուժերի դեմ Դերայի եւ Հալեպի ուղղությամբ մարտական գործողություններում ադրբեջանցի եւս 15 մոջահեդներ են ոչնչացվել:
Սիրիայում պաշտպանական բանակի դեմ իսլամիստական ուժերի կազմում կռվող ադրբեջանցիների թիվը պաշտոնապես հայտնի չէ: Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են, որ նրանց թիվը հասնում է 500-ի: Դրանց մեծ մասը իսլամի ծայրահեղական վահաբի աղանդի հետեւորդներ են, որոնց թիվն Ադրբեջանում գնալով ավելանում է: Սիրիայում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 150-ից ավելի ադրբեջանցիներ: Միայն այս տարի Սիրիայում ոչնչացված ադրբեջանցի մոջահեդների թիվը գերազնացել է 70-ը:
Սիրիական մամուլի համաձայն, օրերս հայաշատ Քեսաբ քաղաքի վրա Թուրքիայի զինված ուժերի օժանդակությամբ իրականացված իսլամիստ գրոհայինների հարձակումներին մասնակցել են նաեւ մեծ թվով ադրբեջանցի եւ թուրք մոջահեդներ: