Եվրամիությունը կշարունակի պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի հանդեպ, քանի որ չի կարող հանդուրժել միջազգային իրավական նորմերի այն խախտումները, որ թույլ է տալիս ՌԴ-ն: Էստոնիայի արտաքին գործերի փոխնախարար Կուլիկե Սիլաստե-էլինգը հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ պատժամիջոցները դեկլարատիվ բնույթ չեն ունենա:

 

Փոխարտգործնախարարը նշեց, որ վիզաների խստացումից հետո կսկսվի պատժամիջոցների երկրորդ փուլը' տնտեսականը, սակայն թե ի՞նչ ազդեցություն կունենան դրանք, դեռ հստակ չէ, քանի որ հստակ չէ, թե ԵՄ-ն էմբարգոն ինչ կերպ կկիրառի: Էստոնիայի ԱԳ փոխնախարարի խոսքով, երկիրը գազը ստանում է միայն Ռուսաստանից, սակայն գազը էնէրգետիկ համակարգում կազմում է ընդամենը 15 տոկոս: «Բացի այդ, Ռուսաստանի հետ գոյություն ունեն առեւտրային հարաբերություններ, եւ ազմաթիվ ապրանքներ Էստոնական սահմանով են Ռուսաստանից մտնում ԵՄ: Հաշվի առնելով այս ամենը, կարող ենք կանխատեսել, թե պատժամիջոցներն ինչպիսի՞ ազդեցություն կթողնեն Էստոնիայի վրա: Սակայն տնտեսական պատժամիջոցների կիրառման դեպքում ԵՄ-ն պետք է փոխհատուցի այն երկրներին, որոնք կտուժեն այդ գործողությունների հետևանքով»,- ասաց նա:

 

Մարտի 16-ին Ղրիմում կայացած հանրաքվեի արդյունքում բնակիչների 96 տոկոսը կողմ է քվեարկել ՌԴ-ի հետ միավորմանը: Մարտի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր եւ ճանաչել Ղրիմի անկախությունը: Իսկ մարտի 18-ին ստորագրվել է Ղրիմի մարզի եւ Սեւաստոպոլ քաղաքի' ՌԴ կազմ մտնելու միջազգային համաձայնագիրը: Միջազգային հանրությունը չի ճանաչում Ղրիմի հանրաքվեի արդյունքներն ու որոշակի պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի դեմ:

 

 

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ