Սիրիայի հայաբնակ գյուղաքաղաք Քեսաբից ստացվող տեղեկությունները խիստ ժլատ են, սակայն հուսադրող: Քեսաբահայ եղբայրներ Սերժ եւ Արամ Քալուկյանների փոխանցմամբ' հարձակումների հետեւանքով հայ զոհեր կամ վիրավորներ չկան: Տեղեկատվությունը այսօր են հաստատել Լաթաքիայում ապրող իրենց հարազատները: «Մարտի 21-ին տեղի ունեցած հարձակումների հետեւանքով 670 հայ ընտանիք տեղահանվել եւ ապաստան են գտել Լաթաքիայի Սբ Աստվածածին եկեղեց ում: Նրանց որոշակի մասը կարողացել են տեղափոխվել Լիբանան»,- ապրիլի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սերժ Քալուկյանը, ում հարազատների մեծ մասը նույնպես ապաստան են գտել Լաթաքիայում: Անհայտ է մի քանի հայերի ճակատագիրը, նրանք չեն կարողացել փախչել եւ արդեն մի քանի օր է նրանց հետ չի հաջողվում կապ հասատատել:

 

Արամ Քալուկյանը նշեց, որ Քեսաբում արդեն մեկ շաբաթ է էլեկտրականություն, հեռախոսակապ եւ ինտերնետ չկա եւ տեղացիների հետ կապ հաստատել չի հաջողվում:

 

Անդրադառնալով արդեն մեծ ճանաչում ստացած #SaveKessab շարժմանը, երիտասարդները նշեցին, որ այդ կերպ ամբողջ աշխարհն իմացավ, թե ինչ են անում թուրքերը Սիրիայում եւ ինչպիսի վայրագությունների են ընդունակ: «Քեսաբը մեր հայրենիքն է եւ եթե պատերազմն ավարտվի ու Քեսաբը հետ գրավեն, ապա բոլորն էլ պատրաստ են վերադառնալ եւ ապրել իրենց գյուղում»,- ասաց Սերժ Քալուկյանը' հավելելով, որ առաջին անգամ չէ, երբ Քեսաբն ու քեսաբահայությունը կոտորած են տեսնում, սակայն դա չի կոտրել, ոչ սիրիական գյուղաքաղաքը, ոչ էլ տեղացիներին:

 

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկ ի կազմակերպության հետ անհրաժեշտ պարագաներով և սնունդով ապահովել է բնակիչներին: