Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցները համարել է «կատարյալ ցնդաբանություն» և «դատարկախոսություն»: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Երկրի վրա դեռ չի ծնվել այն տխմարը, որը չհասկանար, թե ինչ է Ռուսաստանը և թե ինչ են պատժամիջոցները և թե ինչի կվերածվեն դրանք»,- հայտարարել է Լուկաշենկոն՝ ապրիլի 4-ին Մինսկում հանդիպելով Կալուգայի մարզի նահանգապետ Անատոլի Արտամոնովի հետ:
«Եվ, ընդհանրապես, մի′ անհանգստացեք: Պատժամիջոցները և մյուս բաները՝ այդ ամենը կատարյալ ցնդաբանություն են և բարբաջանք, դրանք շաղակրատություն են: Արևմուտքն այսօր ոչնչի ընդունակ չէ, և մենք պետք է ելնեք դրանից»,- ասել է Լուկաշենկոն: Ըստ որում նա հիշեցրել է, որ Բելառուսն արդեն երկու տասնամյակ Արևմուտքի պատժամիջոցների տակ է:
Նա համոզված է, որ պատժամիջոցները պետք է օգուտի վերածվեն Ռուսաստանի համար: «Մենք կզբաղվենք ներքին խնդիրներով և կլուծենք մեր հարցերը: Դրանք (պատժամիջոցները) մեզ կօգնեն ամրապնդվելու ներքուստ, որպեսզի մենք այնուհետև լինենք անսասան»,- պարզաբանել է նախագահը: