Չիլիի իշխանությունները հայտնել են, որ Վալպարաիսո քաղաքում մոլեգնող հրդեհների հետևանքով զոհվածների թիվը հասել է 15-ի, երկրում արտակարգ դրություն է հայտարարված սանիտարա-համաճարակաբանական վիճակի պատճառով, տեղեկացնում է Չիլիի Emoi լրատվական պորտալը: Ավելի վաղ հաղորդվել էր 14 զոհվածների մասին:

 

Չիլիի ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ տուժել է ավելի քան 8 հազար մարդ, հրդեհը ոչնչացրել է 850 հեկտար տարածք և ավելի քան 2 հազար բնակելի տուն: Իշխանությունները վտանգավոր շրջաններից տարահանել են 10 հազար բնակչի:

 

Ըստ բժիշկների տվյալների՝ վերջին օրերին հրդեհի պատճառով կտրուկ աճել է աչքի վարակներից տուժածների թիվը: Բացի դրանից, նկատվել են կոնյունկտիվիտի, շնչուղիների հիվանդությունների և խրոնիկական հիվանդների մոտ ասթմայի սրացման բազմաթիվ դեպքեր:

 

Կրակը մարելու համար ծավալվել է երկրի պատմության մեջ ամենաընդգրկուն գործողությունը՝ հրշեջ ավիացիայի մասնակցությամբ: Վալպարաիսոյի դպրոցներում ժամանակավորապես չեղյալ են հայտարարվել պարապմունքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: