Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն այն կարծիքին է, որ հանրապետության արևելյան մարզերում հարկավոր է անհապաղ արտակարգ դրություն սահմանել: Այդ մասին նա հայտարարել է «Ազատություն» ռադիոյի եթերում: Այս մասին տեղեկացնում է «Ուկրինֆորմը»:

 

«Իմ կարծիքով՝ հարկավոր է անհապաղ արտակարգ դրություն հայտարարել այն մարզերում, որտեղ այժմ իրապես տեղի է ունենում ագրեսիա: Դա մեզ իրավունք կտա կիրառել, այդ թվում՝ բանակը»,-ասել է Տիմոշենկոն:

 

Նրա խոսքով՝ չի կարելի հապաղել այն պատերազմին զինված հակազդման հարցում, որը հայտարարվել է Ռուսաստանի կողմից, այժմ ամեն մի ժամն է որոշիչ:

 

Միևնույն ժամանակ Տիմոշենկոն ընդգծել է, որ բանակը, ոստիկանությունը, հատուկ ծառայությունները, «որոնք այսօր կարող են իրապես դիմակայել ագրեսիային, չափազանց թույլ, խարխլված, բարոյալքված վիճակում են և բացարձակապես պատրաստ չեն ժամանակակից պատերազմ վարելուն»: «Կարող են հայտարարվել հակաահաբեկչական գործողություններ, բայց դրանք այսօր պարզապես անհնարին է կատարել այն բանից հետո, երբ Յանուկովիչն, ըստ էության, ոչնչացրել է ուժային կառույցները և դրանք 90 տոկոսով համալրել ռուսամետ մարդկանցով»,-ասել է քաղաքական գործիչը:

 

Տիկոշենկոյի կարծիքով՝ հարկավոր է գտնել հայրենասեր զինվորականների, սպաների, հատուկ ծառայությունների աշխատողների, որոնք պատրաստ են ստանձնել Ուկրաինան պաշտպանելու պատասխանատվությունը:

 

Իր հերթին Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ զենք չի բաժանի քաղաքացիական բնակչությանը, և ոչ մի քաղաքացիական պատերազմ էլ չի լինի: «Պետությունը զենք է տալիս սոսկ նրանց, ովքեր գնում են աշխատելու միլիցիայում կամ ովքեր գնում են ծառայելու Ազգային գվարդիայում կամ զինված ուժերում: Եթե մենք ստեղծենք զենքից ազատորեն օգտվելու հնարավորություն, դա նշանակում է, որ ազատ օգտվելու հնարավորություն կստանան նաև անջատականները, և դա նշանակում է, որ մենք Ուկրաինան մղում ենք դեպի քաղաքացի ական պատերազմի անդունդ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմ չի լինի: Վերջ»,- հայտարարել է Տուրչինովը:

 

Նախագահի պաշտոնակատարի խոսքով՝ նրանք, ովքեր ցանկանում են Ուկրաինան պաշտպանել անջատականներից և զավթիչներից, պետք է գրանցվեն ոստիկանությունում, զինված ուժերում: