Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը 850 հազար դրամ է տրամադրել քեսաբահայերի օգնությանը: Նվագախումբը Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված' ապրիլի 24-ի համերգից ստացված հասույթը որպես օգնություն ուղղել է մեր հայրենակիցներին: Ֆիլհարմոնիկը Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Լիոր Շամբադալի ղեկավարությամբ ապրիլի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացրել էր Մոցարտի «Ռեքվիեմը»:

 

Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ Աննա Սեգալի' «Կոլաժ Սերգեյ Փարաջանովին» սիմֆոնիկ նվագախմբի և ասմունքողի համար ստեղծված գործի համաշխարհային պրեմիերան: Ասմունքեց Արամ Հովհաննիսյանը: Համերգին մասնակցին նաև «Հովեր» կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար'Սոնա Հովհաննիսյան) և Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար'Ռոբերտ Մլքեյան): Որպես մենակատարներ հանդես եկան սոպրանո Իրինա Զաքյանը, մեցցո-սոպրանո Քրիստինե Սահակյանը, տենոր Լիպարիտ Ավետիսյանը և բաս-երգիչ Սարգիս Բաժբեուկ-Մել իքյանը:

 

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապ օգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սննդով: Քեսաբում մնացած փոքրաթիվ հայերի ճակատագրի վերաբերյալ հայտարարությունները հակասական են:

 

Իրադարձությունների վրա աշխարհի ուշադրությունն է հրավիրել նաեւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը' Հաագայում' Միջուկային անվտանգության միջազգային գագաթնաժողովի ժամանակ ելույթ ունենալով մամուլի ներկայացուցիչների համար: Հայ պատգամավորների խումբն էլ այցելել էր Սիրիա' տեղում ծանոթանալու մեր հայրենակիցների ճակատագրին: