Ընդդիմադիր Պանամայի կուսակցության թեկնածու Կառլոս Վարելան հաղթանակ է տարել մայիսի 4-ին կայացած նախագահական ընտրություններում եւ երկիրը կղեկավարի մինչեւ 2019 թվականը: Այդ մասին հայտնել է հանրապետության Ընտրական տրիբունայի նախագահ Էրասմո Պինիլյան, որը հեռախոսով շնորհավորել է հաղթողին:

 

66,06 տոկոս ձայների հաշվումից հետո Վարելան վստահորեն առջեւից է ընթանում՝ ստանալով ընտրողների ձայների 39,15 տոկոսը: Երկրորդ տեղում իշխող Դեմոկրատական վերափոխումների կուսակցությունից թեկնածու Խոսե Դոմինգո Արիասն է (32,07 տոկոս): Երրորդ տեղն զբաղեցնում է Խուան Կառլոս Նավարան՝ Հեղափոխական-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը, որը հավաքել է ձայների 27,47 տոկոսը:

 

Պանաման գտնվում է Կենտրոնական Ամերիկայում: Երկրի տարածքը 77,1 հազար քառակուսի կիլոմետր է, բնակչությունը՝ 3,5 մլն մարդ (2010 թվականի դրությամբ): Ըստ պաշտոնական տվյալների՝ կիրակի օրը կայացած ընտրություններին մասնակցել է ընտրողների 75,73 տոկոսը: Ընտրությունների արդյունքում հայտնի կդառնան նաեւ Պանամայի խորհրդարանի անդամների եւ մունիցիպալ վարչակազմերի ղեկավարների անունները, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: