Քաղաքագետ Լևոն Շիրինյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգովորման համար անհրաժեշտ 6 կետերից բաղկացած առաջարկները ոչ թե խաղաղության, այլ պատերազմի ծրագիր է համարում: Մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեկմս Ուորլիքի առաջադրած 6 կետերը Հայաստանի համար հավասարազոր են մահվան: «Ես ողջունում եմ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հստակ պատասխան ը Ուորլիքին, որտեղ վարչապետը հստակ նշել է, որ մենք ոչ մի թիզ հող չենք պատրաստվում զիջել, ինչպես նաև' Սեյրան Օհանյանի զուսպ և տրամաբանված պատասխանը»,- ասաց Շիրինյանը:

 

Քաղաքագետին անհանգստացնում է ոչ թե այն, որ ըստ այդ ծրագրի' Հայաստանը պարտվող կողմ է լինելու, այլ այդ հայտարարության համար ընտրված ժամանակը: Նրա խոսքով՝ Արևմուտքը, մասնավորապես, ԱՄՆ-ն, ուկրաինական ճակատում բացարձակ ձախողում է գրանցում: «Ուկրաինական իրադարձությունները ցույց տվեցին ռուսական քաղաքական և ռազմական էլիտայի փայլուն հաղթանակը: Ռուսաստանը կյանքի գնով էլ իր «արդյունաբերական զոնան» չի հանձնելու, իսկ Արևմուտքն այսօր խնդիր ունի իր դեմքը փրկելու, իսկ դրա համար նրանց երկրորդ ճակատ է պետք: Ուորլիքի հայտարարութունից հասկանում ենք, որ այդ ճակատը Անդրկովկասն է և, թվում է' Ադրբեջանը»,- ասաց քաղաքագետը:

 

Ադրբեջանի մասին հայտարարվում է որպես համաշխարհային խաղացող, ինչը, ըստ քաղաքագետի' դուրս է տրամաբանությունից: Շիրինյանի կարծիքով՝ կարելի է ասել' նյուտոնյան հայտնագործություն է արել Ուորլիքը, քանի որ Ադրբեջանը չունի այդ հնարավորությունը' դառնալու համաշխարհային խաղացող, քանի որ չունի ռազմա-քաղաքական էլիտա՝ թուրքերին չհաշված:

 

Ելույթ ունենալով Խաղաղության Քարնեգի միջազգային հիմնադրամում' ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ներկայացրել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման իր տեսլականը՝ բաղկացած 6 կետերից: առաջին կետով ամերիկացի համանախագահը կարևորել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչումը. «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամաարտահայտման միջոցով, ապագայում: Սա ընտրովի տարբերակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր»:

 

Երկրորդ, ըստ Ուորլիքի, նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում:

 

Երրորդ կետով ամերիկացի համանախագահը կարևորել է Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի դրսևորումը, առանց որի կարգավորում չի կարող լինել, իսկ չորրորդով' ամրագրել Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող ցամաքային անվտանգ միջանցքի կարևորությունը: Ամերիկացի համանախագահի նշած հինգերորդ կետը ներքին տեղահանվածների ու փախստականների իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքի ամրագրումն է:

 

«Եվ, վերջապես, վեցերորդ, կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն: Չկա այնպիսի սցենար, որտեղ խաղաղությունն ապահովվի առանց լավ մշակված ու բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության»,- ամփոփել է Ուորլիքը:

 

Նա նաև կոչ է արել կողմերին հանձնառություն ստանձնել և ձեռնամուխ լինել բանակցություններին' կարևորելով նաև ժողովրդական դիվանագիտության դերը: «Մենք բոլորս պետք է աջակցենք ակտիվ քաղաքացիներին, աշխարհիկ ու կրոնական առաջնորդներին, հասարակական կազմակերպություններին, ԶԼՄ-ներին և բոլոր մյուսներին, ովքեր հետամուտ են այս նպատակներին: Տևական խաղաղություն կերտելիս հիմքում սոսկ թուղթը չէ, այլ վստահությունը, հավատ ընծայելը և երկու երկրների ժողովուրդների մասնակցությունը»,- ասել է նա: