Մոսկվայում հարգանքով են վերաբերվում Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի բնակչության կամաարտահայտմանը եւ երկխոսություն են ակնկալում Կիեւի, Դոնեցկի եւ Լուգանսկի ներկայացուցիչների միջեւ: Այդ մասին հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

 

Այստեղ նաեւ մատնանշել են բնակչության ակտիվ մասնակցությունն Ուկրաինայի Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի հանրաքվեներին, չնայած քվեարկությունը տապապելու փորձերին:

 

Ռուսաստանը դատապարտում Է ուժի կիրառման դեպքերը, ներառյալ ծանր սպառազինության օգտագործումը խաղաղ բնակչության դեմ, ինչն Ուկրաինայում հանգեցրել Է մարդկային զոհերի:

 

Մինչդեռ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել Է, թե այսպես կոչված հանրաքվեն, որը մայիսի 11-ին անջատականներն անցկացրել են Դոնբասում, ոչ մի իրավական հետեւանք չի ունենա, բացառությամբ դրա կազմակերպիչների քրեական պատասխանատվության: «Այն ֆարսը, որն ահաբեկիչներն ու անջատողականները անվանում են հանրաքվե, ոչ այլ ինչ Է, քան մարդկանց սպանությունների, առեւանգումների, բռնությունների եւ այլ ծանր հանցագործությունների քարոզչական քողարկում»,-ասել Է Տուրչինովը:

 

Նրա խոսքով՝ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի տնտեսության համար այդ քայքայիչ գործընթացները, որոնք իրապես սպառնում են քաղաքացիների կյանքին ու բարեկեցությանը, «հրահրվել են Ռուսաստանի Դաշնության ղեկավարության կողմից, որոնց նպատակն Ուկրաինայի իրադրության լիակատար ապակայունացումն Է, նախագահական ընտրությունների վիժեցումը եւ Ուկրաինայի իշխանության տապալումը»:

 

ԱՄՆ-ը եւ Եվրամիությունն արդեն հայտարարել են, որ չեն ճանաչում Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերի կարգավիճակի շուրջ քվեարկության արդյունքները եւ նախազգուշացրել են Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին, եթե Ուկրաինայի արեւելքում կայացած քվեարկության պատճառով խափանվեն մայիսի 25-ին կայացած նախագահական ընտրությունները:

 

Ուկրաինայի Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի բնակչության մեծամասնությունը մայիսի 11-ին տարածաշրջանների ինքնորոշման շուրջ կայացած հանրաքվեների ընթացքում պաշտպանել է պետական անկախության գաղափարը: Հանրաքվեի քվեաթերթիկներում եղել է միայն մեկ հարց՝ պաշտպանում եք դուք արդյոք՝ համապատասխանաբար Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների պետական անկախությունը: