Կենտրոնական Վիետնամի հյուսիսային մասում տեղի ունեցած բախումների զոհ է դարձել 21 մարդ, տուժել է շուրջ հարյուր հոգի: Այդ մասին մայիսի 15-ին հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղի բժշկական ծառայությանը:
Ընդհարումներն սկսվել են մայիսի լույս 15-ի գիշերը, երբ մի քանի հարյուր ցուցարարներ փորձել են գրոհով գրավել Formosa Plastics Group պողպատաձուլական գործարանը, որը պատկանում է տայվանյան կորպորացիայի: Զոհվածներից հինգը վիետնամցիներ են, իսկ 16-ը, ենթադրաբար, Չինաստանի քաղաքացիներ:
Չինաստանի կողմից Հարավչինական ծովում հորատման կայանքի տեղակայման պատճառով նախօրյակին շուրջ 20 հազար ցուցարարներ ավերել են Վիետնամի հարավում գտնվող 15 օտարերկրյա ձեռնարկություն, որոնք նրանք համարում էին չինական: Մինչդեռ պարզվել է, որ ձեռնարկություններից մի քանիսը եղել են սինգապուրյան, հարավկորեական, ինչպես նաեւ՝ տայվանյան: ՉԺՀ-ի ԱԳ նախարարությունը կոչ է արել Վիետնամին «հանդարտվել» եւ հարգել Չինաստանի ինքնիշխանությունը:
Չինաստանի եւ Վիետնամի միջեւ վեճը սրվել է մայիսի 2-ին, երբ չինական ռազմանավերի ուղեկցությամբ Պարասելյան կղզիների շրջան է ժամանել «Հայան Շիյու-981» հորատման հարթակը: Վիետնամական նավերը փորձել են խանգարել դրա տեղակայմանը, արդյունքում չինական նավը խոյահարել է վիետնամական երկու նավերի:
Պաշտոնական Հանոյը այդ շրջանը համարում է իր բացառիկ տնտեսական գոտին, իսկ Պեկինը հայտարարում է, որ դա ՉԺՀ-ի ջրատարածքն է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: