Բանգլադեշցի փրկարարները փորձում են ափ քարշակել խորտակված լաստանավը, որի վրա կարող են լինել հարյուր զոհված ուղեւորների մարմիններ: Այդ մասին մայիսի 16-ին հաղորդել է Reuters գործակալությունը:
«Միրաժ-4» լաստանավը նախօրյակին խորտակվել է Բանգլադեշի կենտրոնական մասի Մեգհնա գետում: Դրա վրա եղել է շուրջ 200 մարդ: Այսօրվա դրությամբ պաշտոնապես հաստատված է 22 մարդու զոհվելու վերաբերյալ տեղեկատվությունը: Ավելի վաղ հաղորդվել էր ութ զոհվածների մասին: Տեղական իշխանությունների տվյալներով՝ խորտակված լաստանավի շուրջ 40 ուղեւորների հաջողվել է ինքնուրույն ափ հասնել, եւս 35-ին հաջողվել է փրկել:
«Զոհվածների մարմինները դուրս բերելու փոխարեն ներկայում մենք ջանքեր ենք գործադրում լաստանավը ափ քարշակելու համար: Դա անելուց հետո մենք կունենանք տեղի ունեցածի ավելի ստույգ պատկերը»,- գործակալությանը հայտնել է Մունշիգանջի օկրուգի կոմիսարի տեղակալ Սայֆուլ Հասան Բադալը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, նավաբեկության պատճառ կարող էին դառնալ օկրուգում շարունակվող տեղատարափ անձրեւները, ինչպես նաեւ ուժգին քամին:
2012 թվականին Մունշիգանջում համանման աղետի հետեւանքով 112 մարդ էր զոհվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: