Կոլումբիայի Մագդալենա դեպարտամենտում միջազգային ավտոճանապարհին հանկարծակի ավտոբուս է բռնկել, որը Ֆունդասյոն քաղաքից երեխաների էր փոխադրում Բոսկոնյա (Սեսարի դեպարտամենտ): Ինչպես տեղեկացնում են երկրի իշխանությունները, զոհվել են ավտոբուսի 32 ուղեւորներ, այդ թվում՝ 19 երեխա:

 

Դեպարտամենտի ոստիկանության հրամանատար Ադամ Լեոնը հայտնել է, որ «ավտոբուսը փոխադրում էր երեխաների, որոնք տուն էին վերադառնում կրոնական ծիսակատարությունից հետո»: Ողբերգությունը տեղի է ունեցել մայիսի 18-ին Երեւանի ժամանակով ժամը 21-ին: Իրավապահ մարմինները մինչ այժմ չեն կարողանում հայտնել տեղի ունեցածի պատճառները:

 

Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսն արդեն ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին: «Ես, որպես հայր եւ որպես կոլումբիացի, ահավոր ցավ եմ զգում տեղի ունեցածից»,- ասել է պետության ղեկավարը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: