Ուկրաինայի նախագահական մրցարշավի առաջատար Պյոտր Պորոշենկոն ուղղակի երկխոսություն Է փնտրելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ նպատակ ունենալով կայունացնել իրադրությունն Ուկրաինայում: Այդ մասին նա հայտնել Է գերմանական Bild թերթին տված հարցազրույցում:

 

«Ես, անտարակույս, ցանկանում եմ խոսել Պուտինի հետ եւ երկխոսություն վարել իրադրության կարգավորման նպատակով»,-ասել Է նա:

 

Պորոշենկոն «ոչ մի կասկած չունի», որ Ռուսաստանի նախագահն անջատականների վրա «ուղղակի ազդեցության» ճանապարհով կարող Է դադարեցնել մարտերն Ուկրաինայի արեւելքում: Ուստի ուկրաինացի քաղաքական գործիչն անհրաժեշտ Է համարում ուժեղացնել Մոսկվայի վրա ճնշումը Արեւմուտքի կողմից նոր պատժամիջոցների սահմանման ուղիով:

 

Նրա խոսքով՝ ներկայում Ուկրաինայի դեմ իսկական պատերազմ Է մղվում: Ուստի, հավելել Է նա, ուկրաինական բանակն անհապաղ ֆինանսավորման ավելացման կարիք ունի, որպեսզի բարելավի զինվորների հանդերձումը «պատերազմի ժամանակ»:

 

Պորոշենկոն վերստին հանդես Է եկել Ուկրաինայի եւ Արեւմուտքի միջեւ ՆԱՏՕ-ից դուրս նոր ռազմական միություն ստեղծելու օգտին: «Ես՝ որպես նախագահ, պայքարելու եմ հանուն այդպիսի միության ստեղծման եւ առանց հապաղելու համապատասխան բանակցություններ եմ սկսելու»,-նշել Է նա, հաղորդել Է «Ուկրինֆորմ»-ը: