Ուկրաինայի նախագահական մրցարշավի առաջատար Պյոտր Պորոշենկոն ուղղակի երկխոսություն է փնտրելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ նպատակ ունենալով կայունացնել իրադրությունն Ուկրաինայում: Այդ մասին նա հայտնել է գերմանական Bild թերթին տված հարցազրույցում:

 

«Ես, անտարակույս, ցանկանում եմ խոսել Պուտինի հետ և երկխոսություն վարել իրադրության կարգավորման նպատակով»,-ասել է նա:

 

Պորոշենկոն «ոչ մի կասկած չունի», որ Ռուսաստանի նախագահն անջատականների վրա «ուղղակի ազդեցության» ճանապարհով կարող է դադարեցնել մարտերն Ուկրաինայի արևելքում: Ուստի ուկրաինացի քաղաքական գործիչն անհրաժեշտ է համարում ուժեղացնել Մոսկվայի վրա ճնշումը Արևմուտքի կողմից նոր պատժամիջոցների սահմանման ուղիով:

 

Նրա խոսքով՝ ներկայում Ուկրաինայի դեմ իսկական պատերազմ է մղվում: Ուստի, հավելել է նա, ուկրաինական բանակն անհապաղ ֆինանսավորման ավելացման կարիք ունի, որպեսզի բարելավի զինվորների հանդերձումը «պատերազմի ժամանակ»:

 

Պորոշենկոն վերստին հանդես է եկել Ուկրաինայի և Արևմուտքի միջև ՆԱՏՕ-ից դուրս նոր ռազմական միություն ստեղծելու օգտին: «Ես՝ որպես նախագահ, պայքարելու եմ հանուն այդպիսի միության ստեղծման և առանց հապաղելու համապատասխան բանակցություններ եմ սկսելու»,-նշել է նա, հաղորդել է «Ուկրինֆորմը»: