ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հեռախոսազրույցի ընթացքում Պյոտր Պորոշենկոյին շնորհավորել է Ուկրաինայի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ եւ կոչ է արել նրան անհապաղ քայլեր ձեռնարկել երկիրը քաղաքական, տնտեսական եւ սոցիալական ճգնաժամից դուրս բերելու համար: Այդ մասին Նյու Յորքում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

 

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ Պյոտր Պորոշենկոն կկարողանա հնարավորինս արագ երկիրը դուրս բերել քաղաքական, տնտեսական եւ սոցիալական անկայունության վիճակից եւ այն առաջնորդել անվտանգության, բարեկեցության եւ ժողովրդավարական կառավարման հասնելու ճանապարհով»,- նշել է խոսնակը:

 

Նա հավելել է, որ ՄԱԿ-ի ղեկավարը բարձր գնահատական է տվել ուկրաինական պետության նոր ղեկավարի այն ջանքերին, որոնք նպատակամղված են իրադրության լարվածության թուլացմանը եւ ազգային երկխոսության հաստատմանը: