Մունդիալի «կնքահայրերն» Ուրուգվայի 1930 թվականի հավաքականի 11 անդամներն են: Ընդունելով աշխարհի առաջին առաջնությունը' «աղավնիները» չկրեցին ոչ մի պարտություն և մեկընդմիշտ իրենց անունները գրեցին ԱԱ-ի պատմության մեջ' որպես աշխարհի առաջնության առաջին չեմպիոններ: Անդրանիկ առաջնության եզրափակիչում Ուրուգվայը խաղաց Արգենտինայի հետ: Եվ հաղթելով 4-2 հաշվով' տիրացավ ԱԱ-ների առաջին գավաթին:

Տարօրինակ ու զարմանալի կհնչի, եթե ավելացնենք, որ Ուրուգվայի հավաքականը բաց թողեց հաջորդ երկու մունդիալները: Վերադառնալով 1950 թվականի Բրազիլիայում անցկացվող առաջնություն' «աղավնիները» կրկին նվաճեցին ցանկալի գավաթը: 1954 թվականի առաջնության ժամանակ Ուրուգվայը հասավ մինչև կիսաեզրափակիչ' հետագա պայքարում զիջելով Հունգարիային: Նույն դժվարին ուղին անցան Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստները 1970 թվականին, այստեղ էլ անկարող եղան դիմակայելու բրազիլական ուժեղ թիմին, որն էլ այդ տարվա չեմպիոնը դարձավ: 1962, 1974, 2002 թվականների առաջնություններում Ուրուգվայը դուրս եկավ խմբային փուլից: 1986 և 1990 թվականների ԱԱ-ներում Ուրուգվային հաջողվեց անցնել ընդամենը խմբային փուլը, ոչ ավելին:

Հարավաֆրիկյան Հանրապետությանում կայացած առաջնությունում Ուրուգվայն իսկապես ֆավորիտ էր: Եվ ֆավորիտին բնորոշ խաղով հասավ մինչև կիսաեզրափակիչ' այստեղ պարտվելով Նիդեռլանդներին:

Ուրուգվայի հավաքականի այս տարվա հույսերը Լուիս Սուարեսը, Դիեգո Ֆորլան և Նիկոլաս Լոդեյրոն են: Սուարեսն այս տարի լավագույն մարզավիճակում է, նա Անգլիայի «Պրեմիեր լիգայի» այս տարվա լավագույն ֆուտբոլիստն է: 2007 թվականից մինչև օրս Ուրուգվայի հավաքականի կազմում Սուարեսը մասնակցել է 70 հանդիպման և դարձել 38 գոլի հեղինակ: Նրանից երկու գնդակով հետ է մնում հավաքականի կազմում ամենաշատ հանդիպում անցկացրած Դիեգո Ֆորլանը: Ֆորլանը 103 անգամ մարզադաշտ է դուրս եկել Ուրուգվայի հավաքականի շապիկով: Ուրուգվայցին 2010 թվականի Մունդիալում ճանաչվեց լավագույն ֆուտբոլիստ և լավագույն ռմբարկու:

Չորս տարի անց ' 2014թվականին, Ուրուգվայի հավաքականը D խմբում է' Կոստա Ռիկայի, Իտալիայի և Անգլիայի թիմերի հետ: Առաջնությունը կրկին Բրազիլիայում է, ինչպես 1950 թվականին, երբ Ուրուգվայն երկրորդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Բավականին հետաքրքիր ու կարևոր մի փաստ կա արձանագրված. Ամերիկա մայրցամաքում անցկացված մունդիալների ժամանակ եվրոպական ոչ մի երկիր չի նվաճել աշխարհի չեմպիոնական գավաթը: Սա գուցե խորհելու ևս մի առիթ է եվրոպացիների համար:

Ուրուգվայն այս Մունդիալին կներկայանա հետևյալ ընդլայնված կազմով.

Դարպասապահներ' Ֆերնանդո Մուսլերա («Գալաթասարայ»), Մարտի Սիլվա («Վասկո դա Գամա»), Ռոդրիգո Մինյոս («Լիբերտադ»)

Պաշտպաններ' Դիեգո Լուգանո («Վեստ Բրոմվիչ»), Դիեգո Գոդին, Խոսե Մարիա Խիմենես (երկուսն էլ՝ «Ատլետիկո»), Մարտին Կասերես («Յուվենտուս»), Մաքսի Պերեյրա («Բենֆիկա»), Խորխե Ֆուսիլե («Պորտու»), Սեբաստիան Կոատես («Նացիոնալ»),

Կիսապաշտպաններ' Էխիդիո Ռիոս («Մորելիա»), Վալտեր Գարգանո («Պարմա»), Դիեգո Պերես («Բոլոնիա»), Սեբաստիան Էգուրեն («Պալմեյրաս»), Ալվարո Գոնսալես («Լացիո»), Ալեխանդրո Սիլվա («Լանուս»), Ալվարո Պերեյրա («Սան Պաբլո»), Կրիստիան Ռոդրիգես («Ատլետիկո»), Գաստոն Ռամիրես («Սաութհեմփթոն»), Նիկոլաս Լոդեյրո («Բոտաֆոգո»),

Հարձակվողներ' Լուիս Սուարես («Լիվերպուլ»), Էդիսոն Կավանի (ՊՍԺ), Դիեգո Ֆորլան («Սերեսո Օսակա»), Քրիստիան Ստուանի («Էսպանյոլ»), Աբել Հերնանդես («Պալերմո»)։ Գլխավոր մարզիչն է Օսկար Տաբարեսը:

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Ուրուգվայի հավաքականը 6-րդ հորիզոնականում է:

ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԻՆ ՄՆԱՑԵԼ Է 14 ՕՐ