Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականը պատկանում է այն ընտրանիների թվին, որոնք միշտ ֆավորիտ են լինում, բայց «անհաջողությունը» հետապնդում է «առյուծներին»: Այդպես է լինում և' աշխարհի, և' Եվրոպայի առաջնություններում: Եվ ամեն չորս տարին մեկ սկսվում են այն քննարկումները, թե արդյոք անգլիացիներին կհաջողվի՞ հետ բերել 1966 թվականի փառքը կամ գոնե հասնել մինչև եզրափակիչ, որին չեն հասել վերջին 8 առաջնությունների ընթացքում: Հույսերն այնքան էլ մեծ չեն նաև այս ԱԱ-ում, քանի որ բոլորի համար մի բան հստակ է' եվրոպական թիմերին կրկնակի անգամ դժվար կլինի Բրազիլիայում գավաթ նվաճել:

Այս տարվա Աշխարհի առաջնությունը «մառախլապատ Ալբիոնի» հավաքականի համար թվով 14-րդն է: «Երեք առյուծները» ֆուտբոլային այս «տոնին» առաջին անգամ մասնակցեցին 1950 թվականին, երբ առաջնությունն անցկացվում էր Բրազիլիայում: Այդ առաջնության ժամանակ Անգլիան մնաց խմբային փուլում: Հաջորդ' ակնհայտ հաջողությունները. 1954 և 1962 թվականների առաջնություններում անգլիացիները ակնհայտ առաջընթաց գրանցեցին' հասնելով մինչև քառորդ եզրափակիչ: Այդ ժամանակ թիմի ղեկին էր Վալտեր Վինտերբոտոնին:

1966 թվականի մունդիալն անցկացվեց Անգլիայում: Այդ ժամանակ, ինչպես ասում են «տան պատերն օգնեցին», անգլիացիները մտան եզրափակիչ: Հենց այստեղ «առյուծները» տոնեցին իրենց կամային հաղթանակը Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության թիմի նկատմամբ, նրան պարտության մատնելով 4-2 հաշվով: Սա եղավ առաջին ու վերջին ոսկե գավաթը, որը մնաց բրիտանական կղզում:

Անգլիացիները որոշակի հաջողության հասան 1990 թվականի առաջնությունում' հասնելով մինչև կիսաեզրափակիչ: Այստեղ դարձյալ բախտը երես թեքեց նրանցից, որովհետև խաղը զիջեցին գերմանցիներին, իսկ երրորդ տեղի համար պայքարում պարտվեցին Իտալիային: 1998 և 2000-թվականների ԱԱ-ներում անգլիացիները մի դեպքում խմբից դուրս չէին շարունակում պայքարը, կամ էլ քառորդ եզրափակիչի գծից այն կողմ չէին անցնում:

Այս մունդիալը ևս դժվար կլինի: Անգլիացիները հայտնվել են «մահվան խմբում», որտեղ ընդգրկված են Ուրուգվայի և Իտալիայի հավաքականները:

Անշուշտ, անգլիացիները իրենց հույսերը կապում են թիմի առաջատարների հետ: Ուեյն Ռունին նրանցից մեկն է: Նա մի առիթով խոստովանել է, որ ուզում է բոլորի ցույց տալ, թե ինչերի է ընդունակ ինքը: Եթե խոսենք Անգլիայի ֆուտբոլի ազգային թիմի մասին, ապա պետք է չմոռանալ թիմի ավագ Սթիվեն Ջերարդին: 33-ամյա անգլիացին կապահովի թիմի կայունությունը' անկախ նրանից, թե ինչպես կխաղա թիմի երիտասարդ սերունդը:

«Առյուծներից» Բրազիլիա կմեկնեն հետևյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ' Ջո Հարտ («Մանչեստեր Սիթի»), Ֆրեյզեր Ֆոսթեր («Սելթիկ»), Բեն Ֆոսթեր («Վեսթ Բրոմվիչ»)

Պպաշտպաններ' Գարի Կեհիլ («Չելսի»), Ֆիլ Յագելկա («Էվերթոն»), Գլեն Ջոնսոն («Լիվերպուլ»), Ֆիլ Ջոնս, Քրիս Սմոլինգ (երկուսն էլ «Մանչեստեր Յունայթեդ»), Լյուկ Շոու («Սաութհեմփթոն»)

Կիսապաշտպաններ' Ռոս Բարկլի («Էվերթոն»), Սթիվեն Ջերարդ («Լիվերպուլ»), Ջորդան Հենդերսոն («Լիվերպուլ»), Ռահիմ Ստերլինգ («Լիվերպուլ»), Ֆրենկ Լեմպ արդ («Չելսի»), Ադամ Լալանա («Սաութհեմփթոն»), Ջեյմս Միլներ («Մանչեստեր Սիթի»), Ալեքս Օքսլեյնդ Չեմբերլեն, Ջեկ Ուիլշեր (երկուսն էլ' «Արսենալ»)

Հարձակվողներ' Ռիկի Լամբերտ («Սաութհեմփթոն»), Դենի Ուելբեկ («Մանչեստեր Յունայթեդ»), Ուեյն Ռունի («Մանչեստեր Յունայթեդ»), Դանիել Սթարիջ («Լիվերպուլ): Թիմի գլխավոր մարզիչն է Ռոյ Հոջան:

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Անգլիայի հավաքականը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը:

ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԻՆ ՄՆԱՑԵԼ Է 13 ՕՐ