Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլը դրամատիկ ընթացք ունեցավ ֆրանսիացիների համար: Ֆրանսիացիները հաղթեցին, ֆրանսիացիները պարտվեցին, ֆրանսիացիները պայքարեցին, և Ֆրանսիան արդեն Մունդիալ-2014-ում է: Որակավորման փուլի անցումային խաղերում Ֆրանսիան առաջին խաղում 0-2 հաշվով պարտվեց Ուկրաինային: Այս պարտությունը մեծ արձագանք առաջացրեց: Ֆրանսիական պարբերականները իրենք իրենց հարց էին տալիս, դիմում ընթերցողներին. «Արդյոք այս թիմը Ֆրանսիայի պատմության մեջ վատագույնը չէ՞»: Նոյեմբերի 19, 2013 թվական. Ֆրանսիան հաղթեց Ուկրաինային' 3-0 հաշվով: Հետո ֆրանսիական պարբերականների առաջին էջերում ընթեռնելի էր «հարգանք» բառը:
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականն այն հաջողակ թիմերից է, որոնք մասնակցել են ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին մրցաշարին: Սակայն 13 թիմերից Ֆրանսիայի ընտրանին էր, որը մնաց խմբային փուլում: Հաջորդ երկու Մունդիալներում' 1934 և 1938 թվականներին «կապույտները» հասան մինչև 1/8 և ¼ եզրափակիչ: 1958-ին ֆրանսիացիները հասան մինչև կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեցին Բրազիլիային: Իսկ երրորդ տեղի համար պայքարում 6-3 հաշվով ջախջախեցին գերմանացիներին: Ավելի քան 24 տարի անց Ֆրանսիան կրկին ԱԱ-ի բրոնզե մեդալակիր դարձավ: Մեքսիկական առաջնությունում երրորդ տեղի համար պայքարում Ֆրանսիան առավելության հասավ բելգիացիների նկատմամբ: Հաջորդ երկու ԱԱ-ին Ֆրանսիան չմասնակցեց:
1998 թվականի ԱԱ-ը հյուրընկալող երկիրը Ֆրանսիան էր: «Կապույտները» խմբային փուլում խփեցին 9 գնդակ' բաց թողնելով միայն 1-ը: Հետո հաղթեցին Պարագվային, Իտալիային, Խորվաթիային, իսկ եզրափակիչում 3-0 հաշվով հաղթելով բրազիլացիներին' պատմության մեջ առաջին անգամ նվաճեցին «Ոսկե գավաթը»: 2006 թվականի Մունդիալը իսկական ֆուտբոլասերները չեն մոռանա: Անմոռանալի է այն պահը, երբ Զիդանը կարմիր քարտի պատճառով լքում էր խաղադաշտը, առանց իսկ հայացք գցելու մուտքի մոտ դրված ԱԱ-ի գավաթին: Ֆրանսիական ֆուտբոլի լեգենդը հեռանում էր, դա նրա հրաժեշտի հանդիպումն էր լինելու: Հեռանալու պատճառն այն էր, որ Զիդանը գլխով հարվածեց Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստ Մարկո Մատերացիին: Վերջինս անվայելուչ արտահայտություններ էր արել Զիդանի մոր և քրոջ հասցեին: Հետագայում, իհարկե, նա քաջություն ունեցավ հաստատելու ասածը և ներողություն խնդրելու: Բայց դա այլևս որոշակի ազդեցություն չունեցավ: Այս առաջնության չեմպիոնը դարձավ Իտալիան, իսկ ֆրանսիացիներին մնացին արծաթե մեդալները: 2010 թվականի ԱԱ-ում «կապույտները» մնացին խմբային փուլում:
Ֆրանկ Ռիբերի, Քարիմ Բենզեմա, Բակարի Սանիա, Ռաֆայել Վարան. այս անունները ամեն ինչ ասում են իրենց և Ֆրանսիայի հավաքականի մասին: Սրանք համաշխարհային ֆուտբոլի լավագույն անուններն են, ովքեր խաղում մի շարք բարձրակարգ ակումբերում: Իսկ արդյոք այդքանը բավարա՞ր է թիմային, միասնական և արդյունավետ ֆուտբոլ խաղալու համար: Ֆրանսիացիներն անցել են այնպիսի դժոխքի միջով, որի անունը Ուկրաինայի հավաքական էր:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր խաղում «կապույտները» խփում են 1.72 գոլ, իսկ սեփականն ընդունում 1.41 գնդակ: Անցկացրած 787 խաղերի գերակշիռ մասում' (379 հանդիպում) հաջողությունը Ֆրանսիայի կողմն է եղել: 246 անգամ Ֆրանսիան պարտվել է, իսկ 162 խաղ ավարտվել է խաղաղությամբ: E խմբում Ֆրանսիան իր վարկանիշով զիջում է միայն Շվեյցարիային:
Մունդիալ-2014-ում Ֆրանսիայի երազանքը կփորձեն իրականացնել հետևյալ ֆուտբոլիստները.
Դարպասապահներ' Հուգո Լյորիս («Տոտենհեմ»), Ստիվ Մանդանդա («Մարսել»), Միկաել Լանդրո («Բաստիա»)
Պաշտպաններ' Բակարի Սանյա («Արսենալ»), Մաթյե Դեբյուշի («Նյուքասլ»), Ռաֆայել Վարան («Ռեալ»), Մամադու Սակո («Լիվերպուլ»), Էլյակիմ Մանգալա («Պորտու»), Լորան Կոսելնի («Արսենալ»), Լյուկա Դին (ՊՍԺ), Պատրիս Էվրա («Մանչեսթեր Յունայթեդ»),
Կիսապաշտպաններ' Յոան Կաբայ (ՊՍԺ), Բլեզ Մատյուիդի (ՊՍԺ), Պոլ Պոգբա («Յուվենտուս&ra quo;), Ռիո Մավուբա («Լիլ»), Մուսա Սիսոկո («Նյուքասլ»), Մաթյե Վալբուենա («Մարսել»), Կլեման Գրենյե («Լիոն»), Անտուան Գրիզման («Ռեալ Սոսյեդադ»), Ֆրանկ Ռիբերի («Բավարիա»)
Հարձակվողներ' Քարիմ Բենզեմա («Ռեալ»), Օլիվյե Ժիրու («Արսենալ»), Լոիկ Ռեմի («Նյուքասլ»):
Գլխավոր մարզիչն է Դիդյե Դեշամը:
ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Ֆրանսիան 16-րդ տեղում է:
ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԻՆ ՄՆԱՑԵԼ Է 10 ՕՐ