Ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնության բացահայտումը կարող է լինել Բելգիայի ազգային ընտրանին: Հիմա' 12 տարվա ընդմիջումից հետո կենտրոնական Եվրոպայում կազմավորվել է ֆուտբոլային այնպիսի հավաքական, որն ընդունակ է ոչ միայն խմբից դուրս գալ, այլ նաև արժանի հակառակորդ լինել ֆավորիտ համարվող յուրաքանչյուր թիմի համար:
Բելգիայի ֆուտբոլի ազգային հավաքականն ԱԱ-ի որակավորման փուլի 10 խաղերում չկրեց ոչ մի պարտություն' 8 հաղթանակ, 2 ոչ-ոքի: Հնարավոր 30 միավորից «կարմիր սատանաները» վաստակեցին 26-ը և հաղթականորեն նվաճեցին մունդիալ- 2014-ի ուղեգիր:
Բելգիացիների առաջին մասնակցությունը մունդիալներին 1930 թվականին Ուրուգվայում անցկացված անդրանիկ ԱԱ-նն էր: Այդ ժամանակ, ինչպես նաև հետագա' 1934, 1938 և 1954 թվականներին անցկացված առաջնություններում «կարմիր սատանաները» կային, բայց առանց լուրջ արդյունքների: Բաց թողնելով աշխարհի մի քանի առաջնություններ' բելգիացիները իրենց մասնակցությունը բերեցին Մեքսիկայում կայացած ԱԱ-ին (1970թ.): Այստեղ, սակայն, եվրոպացիները չհաղթահարեցին անգամ խմբային փուլը:
Բելգիական ֆուտբոլի աստղային ժամը 1986 թվականին էր: ԱԱ-ն անցկացվում էր դարձյալ Մեքսիկայում: Բելգիացիներին հաջողվեց դուրս գալ խմբից, հաղթահարել ԽՍՀՄ-ի, Իսպանիայի հավաքականների արգելքները: Կիսաեզրափակչում 0-2 հաշվով պարտվելով Արգենտինայի ընտրանուն' բելգիացիները պայքարը շարունակեցին երրորդ տեղի համար: Սակայն այս հանդիպումը ևս հաղթանակով չպսակվեց, բելգիացիները խաղը 2-4 հաշվով զիջեցին ֆրանսիացիներին և զբաղեցրեցին 4-րդ հորիզոնականը: Այս արդյունքը մինչև օրս չի գերազանցվել: Ամբողջ 90-ականերին և 2002-ին, անցնելով որակավ որման փուլը, Բելգիայի հավաքականը չէր հասնում անգամ քառորդ եզրափակիչ: 2006 և 2010 թվականների ԱԱ-ում Բելգիայի հավաքականը չկար: Այս տարի «ոսկե սերունդ» է ձևավորվել: H խմբում նրանց մրցակիցներն են Ռուսաստանի, Ալժիրի և Կորեայի Հանրապետության հավաքականները:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ բելգիացիների մոտ խփած և բաց թողած գնդակների միջև չնչին տարբերություն կա: Յուրաքանչյուր խաղում «սատանաները» միջինը խփում են 1.67 գոլ, իսկ բաց թողնում' 1,68 գնդակ: Ընդհանուր հաշվարկով բելգիացիները խփել են 1183 գոլ, իսկ սեփականն ընդունել' 1187-ը: Եվրոպական երկրների վարկանիշային աղյուսակում Բելգիայի ընտրանին 8-րդ տեղում է: Իսկ այս մունդիալի H խմբում նրանք առաջինն են:
Բելգիայի հավաքականի դարպասը պաշտպանում է մեր օրերի, իսկ ավելի ճիշտ այս օրերին աշխարհի լավագույն դարպասապահ Տիբո Կուրտուան: Իսպանական «Ատլետիկոյի» դարպասապահը եթե ոչ լավագույնն է այսօր, ապա հաստատ լավագույնների եռյակում է: Անգլիական «Չելսիի» ֆուտբոլիստ Էդեն Հազարը ևս բելգիակա հավաքականի խորհրդանիշներից մեկն է: Բելգիացիների «ոսկե սերնդի» ղեկին Մարկ Վիմոտսն է, ով բելգիացի է, գիտի ֆուտբոլիստներին և գիտի ինչպես աշխատել թիմի հետ:
Բրազիլական «ֆուտբոլային կառնավալում» Բելգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմն այսպիսին է.
Դարպասապահներ՝ Տիբո Կուրտուա («Ատլետիկո»), Սիմոն Մինյոլե («Լիվերպուլ»), Սեմի Բոսյուտ («Զյուլտե»)
Պաշտպաններ՝ Տոբի Ալդերվեյրլեդ («Ատլետիկո»), Անտոնի վան դեր Բոր («Անդերլեխտ»), Լորան Սիման («Ստանդարտ»), Վենսան Կոմպանի («Մանչեստեր Սիթի»), Դանիել վան Բույտեն («Բավարիա»), Տոմաս Վերմալեն («Արսենալ»), Նիկոլաս Լոմբերտս («Զենիթ»), Յան Վերտոնգեն («Տոտենհեմ»)
Կիսապաշտպաններ՝ Ակսել Վիտսել («Զենիթ»), Ադնան Յանուզայ («Մանչեստեր Յունայթեդ»), Մարուան Ֆելաինի («Մանչեսթեր Յունայթեդ»), Մուսա Դեմբելե («Տոտենհեմ»), Նասեր Շադլի («Տոտենհեմ»), Կևին դե Բրեյնե («Վոլսֆսբուրգ»), Սթիվեն Դեֆուր («Պորտու»), Էդեն Ազար («Չելսի»), Դրիս Մարտենս («Նապոլի»), Կևին Միրալաս («Էվերթոն»)
Հարձակվողներ՝ Ռոմելու Լուկակու («Էվերթոն»), Դիվոկ Օրիդեջի («Լիլ»):
Գլխավոր մարզիչն է Մարկ Վիմոտսը:
ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում Բելգիայի հավաքականը 11-րդ տեղում է:
ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԻՆ ՄՆԱՑԵԼ Է 3 ՕՐ