Պորտուգալական ֆուտբոլի պատմության երկու լուսավոր կետերը' Ռոնալդուն և Էյսեբիոն, կմնան այս տարվա հիշողության մեջ' Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ մոլորակի լավագույն ֆուտբոլիստը, իսկ պորտուգալական ֆուտբոլի լեգենդ Էյսեբիոն հեռացավ կյանքից: Մունդիալ-2014-ում Պորտուգալիայի հավաքականի առաջատարը կլինի Ռոնալդուն: Եթե պորտուգալացիները ցանկանում են կրկնել 1966-ի հաջողությունը, ապա այս ԱԱ-ն ճիշտ այդ պահն է:
Բրազիլական Մունդիալը պորտուգալացիների համար 6-րդն է: Բրազիլիա մեկնելու համար պորտուգալացիներն անցան որակավորման բավականին երկար և դրամատիկ ճանապարհ: Խմբային փուլում առաջին տեղը զիջելով Ռուսաստանի ընտրանուն, պորտուգալացիները անցումնային խաղերում մրցեցին շվեդների հետ: Այդ խաղը շատերը համարեցին Ռոնալդու-Իբրահիմովիչ պայքար, որտեղ հաղթող դուրս եկավ Ռոնալդուն:
Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը Պորտուգալիայի ազգային հավաքականն առաջին անգամ մասնակցել է 1966 թվականին: Անգլիայում անցկացված մունդիալում պորտուգալական ընտրյալների նորամուտը հաջող էր: Հաղթելով խմբային փուլի երեք խաղերում' «հինգ վահանները» միայն կիսաեզրափակչում զիջեցին ապագա չեմպիոններ անգլիացիներին: Երրորդ տեղի համար պայքարում Էյսեբիոյի հրաշալի խաղի շնորհիվ Պորտուգալիան 2-1 հաշվով հաղթեց ԽՍՀՄ հավաքականին: Հաջորդ Մունդիալը, որին մասնակցեց Պորտուգալիայի ազգային թիմը, 1986 թվականին Մեքսիկայում անցկացված ԱԱ-ն էր: F խմբում եվրոպացիները հաղթեցին մեկ խաղում և, պարտվելով երկու անգամ, խմբում զբաղեցրին վերջին տեղը: Չորակավորվելով նաև հաջորդ երեք Մունդիալներում' պորտուգալցի ընտրյալներն առաջնություն վերադարձան 2002-ին: Կորեա-ճապոնական ԱԱ-ում նրանք չհաղթահարեցին խմբային փուլի արգելքը: Իսկ ահա 2006-ին «հինգ վահանները» հասան մինչև կիսաեզրափակիչ: Կիսաեզրափակչում նրանք պարտվեցին ֆրանսիացիներին: Երրորդ տեղի համար պայքարում անկարող եղան դիմակայել գերմանական մեքենային: Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած ԱԱ-ում Պորտուգալիան դուրս եկավ խմբից, բայց առաջ չգնաց:
Վիճակագրության համաձայն' Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականը փոքր-ինչ ավելի գոլեր է խփում, քան ընդունում է: Յուրաքանչյուր խաղի ժամանակ «ընտրյալները» խփում են 1,64 գոլ, իսկ սեփականն ընդունում' 1.21: Անցկացրած 540 խաղում «հինգ վահանները» հաղթել են 251 անգամ: 164 տանուլ են տվել, իսկ 125-ն ավարտել են ոչ-ոքի: Եվրոպական երկրների մեջ Պորտուգալիայի հավաքականը երրորդն է: Իսկ G խմբում պորտուգալացիները զիջում են միայն գերմանացիներին: Պորտուգալիայի հավաքականի կազմում ամենաշատ հանդիպումներ անցկացրել է Լուիշ Ֆիգուն' 127 խաղ, իսկ լավագույն ռմբարկուն Կրիշտիանու Ռոնալդուն է:
Կրիշտիանու Ռոնալդուն համարվում է Պորտուգալիայի հավաքականի սիրտը: Նա թիմի ավագն է և իր ուսերի վրա է տանում ազգային հավաքականի բեռի «ծանրությունը»: Պորտուգալիայի հավաքականի լավագույնների շարքում են նաև Ֆաբիո Կուենտրաուն, Նանին, Պեպեն: Նրանք Ռոնալդուի հետ կարող են առաջ մղել պորտուգալական «նավը»:
Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականը 20-րդ մունդիալին կներկայանա հետևյալ կազմով.
Դարպասապահներ' Բետու («Սևիլիա»), Էդուարդու («Բրագա»), Ռուի Պատրիսիու («Սպորտինգ»)
Պաշտպաններ' Անդրե Ալմեյդա («Բենֆիկա»), Բրունու Ալվեշ («Ֆեներբահչե»), Ֆաբիու Կոենտրաու («Ռեալ»), Ժուան Պերեյրա («Վալենսիա»), Լուիշ Նետու («Զենիթ»), Պեպե («Ռեալ»), Ռիկարդու Կոշտա («Վալենսիա»)
Կիսապաշտպաններ' Ժոաո Մոուտինյո («Մոնակո»), Միգել Վելոզու («Դինամո», Կիև), Ռաուլ Մեյրելեշ («Ֆեներբահչե») , Ռուբեն Ամորիմ («Բենֆիկա»), Վիլյամ Կարվալյու («Սպորտինգ»)
Հարձակվողներ' Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Էդեր («Բրագա»), Հելդեր Պոշտիգա («Լացիո»), Հուգո Ալմեյդա («Բեշիկթաշ»), Նանի («Մանչեստեր Յունայթեդ»), Ռաֆա («Բրագա»), Վարելա («Պորտու»), Վիեյրինյա («Վոլֆսբուրգ»):
Գլխավոր մարզիչն է Պաուլու Բենտուն:
ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Պորտուգալիայի հավաքականը 4-րդ հորիզոնականում է:
ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԻՆ ՄՆԱՑԵԼ Է 6 ՕՐ