Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցող ասիական հավաքականների շարքում լավագույններից մեկը Հարավային Կորեայի Հանրապետության թիմն է: Բրազիլական այս Մունդիալը «վագրերի» համար թվով 9-րդն է: Սա ամենաշատ մասնակցությունն է ասիական մայրցամաքի թիմերից:
«Վագրերն» առաջին անգամ Մունդիալին մասնակցել են 1954 թվականին: Այդ ժամանակ հայտնվելով երկրորդ խմբում' կորեացիները պարզապես խաղերը զիջեցին մրցակիցներին: Երկար ընդմիջումից (մոտ 32 տարի) հետո' 1986 թվականին կորեացիներին հաջողվեց մասնակցել ԱԱ-ն որակավորման փուլին և նվաճել մասնակցության իրավունք: Այս և հետագա 4 Մունդիալներում «վագրերը» կարողանում էին հաղթահարել միայն որակավորման փուլի արգելքները, բայց, միևնույն է, խմբից առաջ չէին գնում:
2002 թվականի կորեա-ճապոնական ԱԱ-ը մեծ հաջողություն բերեց «վագրերին»: Տան պատերի և սեփական երկրպագուների ներկայությունը կորեացիներին «ստիպեցին» հասնելու մինչև կիսաեզրափակիչ: Եզրափակիչի ուղեգիրը նվաճելու համար կորեացիները մրցեցին Գերմանիայի հավաքականի հետ: Հանդիպման 75-րդ րոպեին Միխեիլ Բալաքի խփած գնդակը աշխարհի եռակի չեմպիոն գերմանացիներին դուրս բերեց եզրափակիչ փուլ: Երրորդ տեղի համար պայքարում կորեացիները զիջեցին թուրքերին և զբաղեցրին ընդամենը 4-րդ տեղը: Այս հաջողությունը դեռևս միակ լուրջ ձեռքբերումն է, որին հասել են հարավկորեացիները: Հաջորդ ԱԱ-ներում «վագրերը» կամ հաղթահարում էին որակավորման փուլը, բայց մնում էին խմբում, կամ էլ խմբային փուլից հետո կանգ էին առնում:
Վիճակագրությունը խոսում է այն մասին, որ կորեացիները կրկնակի շատ գոլեր են խփում, քան բաց թողնում: Յուրաքանչյուր խաղի ընթացքում այս հավաքականը խփում է 1,84, իսկ բաց է թողնում 0.94 գնդակ: Անցկացրած 1105 խաղերում «վագրերն» ընդհանուր առմամբ խփել են 2028 գոլ, բաց թողել 1042: 1105 հանդիպումներից հաղթել են 611-ում, տանուլ տվել' 256-ը և ոչ-ոքի խաղացել 238-ում: Ասիական ֆուտբոլի հավաքականների շարքում Հարավային Կորեայի թիմը երրորդ տեղում է' իրենից առաջ թողնելով միայն Իրանի և Ճապոնիայի ընտրանիներին: Իսկ ահա աշխարհի այս առաջնության H խմբում կորեացիները զբաղեցնում են վերջին տեղը:
Կորեայի հավաքականի խաղի հիմնական որակն ապահովում են այն ֆուտբոլիստները, ովքեր հանդես են գալիս եվրոպական ակումբներում, ունեն ակտիվ մարզական վիճակ: Այդպիսիներից են Սոն Հին Մինը' Լևերկուզենի «Բայերից», Կու Ջա Չհոլը' «Մայնցից»: Այս և էլի շատ ֆուտբոլիստներ կարող են որակապես փոխել իրենց հավաքականի խաղը: Եվ նրանց հետ մեծ հույսեր են կապում կորեացի ֆուտբոլասերները:
Հարավային Կորեայի ֆուտբոլի ազգային հավաքականը Մունդիալ-2014-ին կներկայանա հետևյալ կազմով.
Դարպասապահներ' Լի Բուն Էմ («Պաուսան Այ Պարկ», Կորեա), Ջուն Սուն Ռեն, («Սուվոն Սամսունգ Բլյունուեգ», Կորեա), Կիմ Սին Հյու («Ուլսան Հենդե», Կորեա )
Պաշտպաններ' Տվակ Տե Հվի («Ալ Հալիլ», Սաուդյան Արաբիա), Հոն Ջոն Հո («Աուգսբուրգ», Գերմանիա), Կիմ Էն Գվոն («Գուանչժոու», Չինաստան), Լի Էն («Ուլսան Հենդե», Կորեա), Կիմ Ջին Սու («Կասիվա Ռեյսոլ», Ճապոնիա), Հվան Սոկ Հո («Սանֆրեչե Հիրոսիմա», Ճապոնիա), Կիմ Չան Սու («Ալբիրե կս Նիգատա», Ճապոնիա), Յուն Սոկ Էն («Քուինզ Պարկ Ռեյնջերս», Անգլիա)
Կիսապաշտպաններ' Հան Գուկ Էն («Կասիվա Ռայսոլ», Ճապոնիա), Հի Սոն Էն («Սանդերլենդ», Անգլիա), Լի Չուն Էն («Բոլթոն», Անգլիա), Կիմ Բո Գեն («Կարդիֆ», Անգլիա), Հա Դե Սոն («Բեյցզին Գուան», Չինաստան), Սոն Հին Մին («Բայեր», Գերմանիա), Պակ Ջոն Վու (Գուանչժոու R&F», Չինաստան), Ջի Դոն Վոն («Աուգսբուրգ», Գերմանիա), հարձակվողներ' Կու Ջա Չհոլ («Մայնց», Գերմանիա), Պակ Ջու Էն («Ուոտֆորդ», Անգլիա), Լի Գին Հո («Սանջու Սանմու Ֆենիքս», Կորեա), Կիմ Շին Վուկ («Ուլսան Հենդե», Կորեա):
Գլխավոր մարզիչն է Հոն Մոն Բոնը:
ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հարավային Կորեայի թիմը 57-րդ տեղում է:
ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԻՆ ՄՆԱՑԵԼ Է 1 ՕՐ