ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի եւ Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի առաջին հանդիպումը կկայանա հունիսի 4-ին Լեհաստանում Արեւելյան Եվրոպային նվիրված գագաթնաժողովի ժամանակ:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, երկու նախագահների հանդիպման ժամանակ կքննարկվի Վաշինգտոնի աջակցությունը' ուղղված Արեւելյան Եվրոպայում անվտանգության ապահովմանը: Ամենայն հավանականությամբ կքննարկվի ուկրաինական ճգնաժամը, և Օբաման կլսի Պորոշենկոյի ծրագրերն ու մտահղացումները:
Լեհաստանում գագաթնաժողովի ավարտից հետո Օբաման կմեկնի Նորմանդիա, որտեղ կկայանան միջոցառումներ' նվիրված դաշնակից ուժերի զորքերի տեղակայման 70-ամյակին: Ռուսական «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, միջոցառմանը կմասնակցի նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, սակայն Սպիտակ տնից հայտարարել են, որ Օբաման չի ծրագրում հանդիպել Պուտինին' հաշվի առնելով ուկրաինական ճգնաժամի առնչությամբ ռուս-ամերիկյան լարված հարաբերությունների բարձր մակարդակը: