Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրկհալտերի տարածաշրջանային այցը: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, հունիսի 1-ի երեկոյան ԵԱՀԿ նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում: Այստեղ նրան դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետ Յագուբ Էյյուբովը և այլ պաշտոնատար անձինք:

 

Ադրբեջանում Դիդիե Բուրկհալտերը կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի, արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի, մեջլիսի խոսնակի և մի շարք այլ գործիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկման կենտրոնական թեմաներից մեկն է լինելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:

 

Ադրբեջանից ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Վրաստան, իսկ հունիսի 6-ին կլինի Երևանում: