ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդյե Բուրկհալտերը Կիեւ է ուղարկել շվեյցարացի դիվանագետ Հայդի Տալյավինիին, որը կօժանդակի Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ բանակցություններին: Այդ մասին հաղորդվում է կազմակերպության կայքում զետեղված մամուլի տեղեկագրում: Դիվանագետն արդեն ժամանել է Կիեւ:

 

Հաղորդագրության մեջ ասված է, որ Բուրկհալտերը դիվանագետին ուղարկել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խնդրանքով: Շվեյցարացի դիվանագետը հունիսի 7-ին ներկա է եղել Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը եւ բանակցություններ է վարել նրա հետ:

 

«Բուրկհալտերը ողջունել է բռնությունն անհապաղ դադարեցնելու համար բանակցություններ սկսելու Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի նախաձեռնությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

 

Ինչպես հաղորդել է «Ուկրինֆորմ»-ը, հղում անելով Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությանը, նախօրյակին Պորոշենկոն հայտարարել է, որ արդեն այս շաբաթ պետք է հրադադար հաստատվի: «Ինձ համար յուրաքանչյուր օրը, երբ մարդիկ են մեռնում, յուրաքանչյուր օրը, երբ Ուկրաինան նման բարձր գին է վճարում, անընդունելի է»,- ընդգծել է հանրապետության նորընտիր նախագահը: