Առնվազն 23 մարդ է զոհվել Պակիստանի Կարաչի քաղաքի միջազգային օդանավակայանի վրա զինյալների հարձակման հետեւանքով: Այդ մասին հաղորդել է Dawn տեղական հրատարակությունը՝ հղում անելով երկրի իշխանություններին:

 

Ըստ CNN-ի տեղեկատվության՝ զոհվածների թվում են օդանավակայանի անվտանգության ուժերի երկու աշխատակիցներ, Pakistan International Airlines-ի երկու աշխատող եւ մեկ ոստիկան: Սինդի նահանգի ՆԳ նախարարության ղեկավար Նիյազ Աբասին հայտնել է, որ հարձակման ընթացքում սպանվել է նաեւ տասը զինյալ: Նրա խոսքով՝ գրոհը հաջողվել է հետ մղել:

 

Զինյալները լույս հունիսի 9-ի գիշերը գրոհել են «Ջիննա» միջազգային օդանավակայանի երկու տերմինալների վրա: Նրանք նռնակներ են նետել շենքի վրա եւ կրակ բացել հրազենից: Հարձակվողների թվում եղել են մահապարտներ, որոնք գործի են դրել ռումբեր: Ընդամենը գրոհի ընթացքում որոտացել է երեք հզոր պայթյուն:

 

Տեղի անվտանգության ուժերին օգնության են եկել բանակային ստորաբաժանումներ, ինչպես նաեւ ոստիկանության հատուկ նշանակության ջոկատներ եւ ռեյնջերներ: Օդանավակայանում մարտը շարունակվել է հինգ ժամ: Հարձակման հետեւանքով տուժել է երեք ինքնաթիռ: «Ջիննա»-ի աշխատանքն ընդհատվել է, օդանավակայանի անձնակազմն ու պահակախումբը շտապ կարգով տարհանվել են: Ընդսմին առանձին ուղեւորներ արգելափակված են մնացել թռիչքասրահում: