ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր' հունիսի 12-ին, ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը' ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կայուն զարգացման ոլորտի ղեկավար Ահմեդ Էյվեյդայի (Ahmed Eiweida) գլխավորությամբ: Հյուրերը փոխվարչապետին տեղեկացրել են հանրապետության հարավային մարզերում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նոր ծրագրի նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին: Քննարկվել են ծրագրի մշակման փուլի համար դրամաշնորհային միջոցների ներգրավման հնարավորություններին, ծրագրի իրականացման աշխատանքները համակարգող կառույցի ընտրությանը վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում ՀԲ թիմի կողմից ՀՀ կառավարությանը կներկայացվեն համապատասխան փաստաթղթերը, որից հետո հայկական կողմը կսկսի ծրագրի նախապատրաստման գործընթացը:

 

ՀԲ թիմն աջակցում է նաև Դիլիջան քաղաքի կայուն զարգացման ծրագրին' համագործակցելով Ասիական զարգացման բանկի և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հետ: Հյուրերը տեղեկացրել են, որ գործընկերների հետ առաջիկայում Դիլիջան քաղաքում նախատեսում են կազմակերպել խորհրդաժողով, որի ժամանակ կներկայացվեն կատարված աշխատանքների արդյունքներն ու քաղաքի զարգացման տեսլականը: