Սիրիայի Կունեյտրա շրջանում 38 զինյալ վայր է դրել զենքերը և հանձնվել իշխանություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նրանց թվում եղել են զինվորներ, ովքեր խույս են տվել բանակում ծառայելուց: Նախկին զինյալները պարտավորվել են այլևս չձեռնարկել քայլեր, որ ոնք կարող են սպառնալ հայրենիքի անվտանգությանը:
Կունեյտրայի շրջանի ազգային հաշտեցման հանձնաժողովի ղեկավար Մաամուն Ջևրեյդան նշել է, որ Կունեյտրայում մինչև այժմ զենքը վայր է դրել 520 զինյալ: Նրա խոսքով' Կունեյտրայի Ջեբա, Ումմ Բատնա, Աս Սամադանիա գյուղերը շուտով կհայտարարվեն անվտանգ' այնտեղից վերջին զինյալների դուրս գալուց հետո:
Մյուս կողմից, Դարաայի Իզրա քաղաքում համաներման շրջանակներում ազատ է արձակվել 675 քաղաքացի: Տեղի ոստիկանությունը տեղեկացրել է, որ նրանք մյուս սիրացիների հետ կպաշտպանեն հայրենիքը և կնպաստեն կայունության և անվտանգության վերականգնմանը:
Սիրիայում հունիսի 3-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Նախագահ Բաշար ալ Ասադը համաներում էր հայտարարել, որի շրջանակներում հազարավոր բանտարկյալներ ազատ են արձակվել կամ մեղմացվել է նրանց պատիժը: