Հասաքե շրջանի Ղամիշլի քաղաքում 30 զինյալ վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին: Ոստիկանությունը տեղեկացրել է, որ նրանք խոստացել են վնաս չպատճառել հայրենիքին: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նախորդ ամսվա ընթացքում ևս 42 զինյալ նման քայլի էին դիմել:

 

Դամասկոսի Արևելյան Ղուտայի և Դարիայի շրջաններում «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման տասնյակ անդամներ են սպանվել: Ջոբար թաղամասում բանակը զինյալների թաքստոց և զենքեր է ոչնչացրել: Բախումները զինյալների և սիրիական բանակի միջև շարունակվում են Դարաայի շրջանում: Մունշիե թաղամասում և Դաուար ալ Միսրիի շրջակայքում զինյալներին պատկանող զենքեր են ոչնչացվել:

 

«Ալ Ջազիրայի» տեղեկացմամբ' սիրիական օդային ուժերը ռմբակոծում են Դարաայի Ջասիմ գյուղի հիվանդանոցի ուղղությամբ, որի հետևանքով տասը մարդ է զոհվել, այդ թվում՝ հիվանդանոցի 4 աշխատակից: Բացի այդ, ռմբակոծվում են Ում ալ Մայազին, Սայիդաթ գյուղերը: