Հոմս քաղաքի մի քանի թաղամասերում, ինչպես նաև Ռուսթան, Թալբիսիա, Թալքալլախ բնակավայրերում 101 զինյալներ վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը, նրանք պարտավորվել են չձեռնարկել հայրենիքի խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող քայլեր: Իշխանություններն աշխատանքներ են տանում նրանց կենսակերպը բարելավելու ուղղությամբ:

 

Մյուս կողմից սիրիական բանակը շարունակում է երկրի տարբեր հատվածներում պայքարել զինված խմբավորումների դեմ: Դամասկոսի մերձակայքում գտնվող Դումա քաղաքում «Իսլամական պետության» կազմակերպության դեմ բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել: Նրանց թվում ակնառու ներկայացուցիչներ են եղել: Զինյալները լուրջ կորուստներ են կրել Արևելյան Ղուտայի շրջանում: Բանակը Կալամունի շրջանում կանխել է զինյալների ներթափանցումը Լիբանանի տարածքից դեպի սիրիական գյուղեր: Բախումների ժամանակ նրանք մեծ վնասներ են կրել:

 

Ավելի վաղ՝ նոյեմբերի 18-ին, ևս 131 զինյալներ Հոմսում հանձնվել էին իշխանություններին: Սիրիական հակամարտության ավելի քան 3,5 տարիների ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է մոտ 200 հազար մարդ: Միլիոնավոր սիրիացիներ ստիպված լքել են հայրենիքը՝ հաստատվելով հիմնականում հարևան Լիբանանում, Թուրքիայում, Իրաքում և Հորդանանում: