Հասաքեի մարզում 23 զինյալներ վայր են դրել իրենց զենքերը և հանձնվել իշխանություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նրանք պարտավորվել են այլևս չկատարել քայլեր, որոնք կսպառնան երկրի անվտանգությանը:
Դամասկոսի Համիդիե շրջանում անհայտ պատճառներով հրդեհ է բռնկվել Օմայան մզկիթի մոտ գտնվող տներից մեկում, որը տարածվել է ևս 4 տան վրա: Արդյունքում տները նյութական մեծ վնասներ են կրել: Բարեբախտաբար, զոհեր չեն գրանցվել: Դամասկոսի մերձակայքում գտնվող Արևելյան Ղուտայում տասնյակ զինյալներ են սպանվել, այդ թվում՝ նրանց ղեկավարը: Զինյալները պատկանում էին «Լուա ալ Իսլամ», «Ջունդ Շամ» խմբավորումներին:
Արաբական մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ Հալեպի գյուղերում քրդերի և ԻԼԻՊ խմբավորման անդամների միջև բախումների հետևանքով 49 մարդ է զոհվել: Բախումները շարունակվել են Այն ալ Արաբ գյուղում: Տեղեկություններ կան, որ բախումների ժամանակ զոհվել են ԻԼԻՊ-ի 35 անդամներ:
Քրդերին հաջողվել է վերահսկողություն հաստատել ԻԼԻՊ-ի մի քանի հենակետերի վրա: Միևնույն ժամանակ ԻԼԻՊ-ի և զինված այլ խմբավորումների միջև, մասնավորապես Քաշքիա գյուղում, բախումներ են ընթացել Դեր Զորի գյուղերում, որոնց հետևաքով խմբավորումը կրկին կորուստներ է կրել:
ԻԼԻՊ խմբավորումը Սիրիայի Դեր Զորի, Ռակկայի և Հալեպի շրջանում խոշոր տարածքներ է գրավել: