Հոմսի Ջաբ ալ Ջանդալի, ինչպես նաև հին թաղամասերում 36 զինյալ վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բացի այդ Հոմսի Խադար, Ինշաաթ, Քարամ Շամի թաղամասերում, ինչպես նաև Մուհաֆազա գյուղի Բարաբո, Ֆաիզիա,Մախրամ Թահթանի թաղամասերում 59 զինյալ հանձվել են իշխանություններին: Վերջին 10-ը օրվա ընթացքում ավելի քան 100 զինյալ Հոմսի հին թաղամասերում դիմել են նման քայլի:
Սիրիական բանակը կանխել է զինյալների մուտքը Հոմսի Ուադի Սայիհ թաղամաս: Տեղի ունեցած բախումների ժամանակ զինյալներ են սպանվել և վիրավորվել: Բախումներ են տեղի ունեցել Հոմսի Կուսուր, Խալիդիա, Կարաբիս, Բաբ աս Սաբաա, Բասաթին ալ Ուաար թաղամասերում:
Մյուս կողմից' զինյալները լուրջ կորուստներ են կրել Հալեպի տարբեր թաղամասերում և Դարաայում: Մասնավորապես Հալեպի կենտրոնական բանտի մերձակայքում, ինչպես նաև Քաֆրհութ, Ուրմ, Բաբիդ, Շեյխ Սաադ, Օմարիա, Մանսուրա, Լիրմուն թաղամասերում տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել, ոչնչացվել են նրանց զենքերը:
ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: