Քաբուլում մահապարտ ահաբեկչի ինքնապայթեցման զոհ է դարձել ութ մարդ, 13 հոգի վերքեր է ստացել: Այդ մասին հուլիսի 2-ին հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը:
Միջադեպը տեղի է ունեցել ավտոբուսի մոտ, որը զինվորականների էր տեղափոխում: Զոհվածներից առնվազն հինգը երկրի ռազմաօդային ուժերի սպաներ են:
Պայթյունը որոտացել է Քաբուլի համալսարանի մերձակա շրջանում, որը խստիվ պահպանվում է: Ահաբեկչական գործողության պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբան» շարժումը:
2014 թվականին Աֆղանստանում ավարտվում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցների գործողության ռազմական փուլը: Դաշինքը պատրաստվում է այդ երկրից զորքերը դուրս բերել մինչև տարեվերջ: Դրանից հետո Աֆղանստանում պետք է մնան մի քանի հազար ամերիկացի զինծառայողներ՝ ուսուցանելու աֆղանական զորքերին ու ոստիկանությանը, որոնք պետք է ստանձնեն երկրի անվտանգության ապահովումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: