Իսրայելական օդուժի ռմբակոծության հետևանքով Գազայի հատվածում 2 պաղեստինցի զոհվել է, ևս 3-ը' վիրավորվել: Արաբական մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ' իսրայելական օդուժի ռմբակոծությունից 9 պաղեստինցի է զոհվել: Ռմբակոծությունն ուղղված է հատկապես Գազա քաղաքի Թուֆֆահ և Շուջաիա թաղմասերին: Բեյթ Հանուն քաղաքում ռմբակոծության հետևանքով 5 քաղաքացի է վիրավորվել :
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, իսրայելական աղբյուրների տեղեկացմամբ' Պաղեստինն ավելի վաղ 10 հրթիռ է արձակել իսրայելական Աշկելոն քաղաքի ուղղությամբ: Մեկ օրվա ընթացքում իսրայելական ուժերը ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի 10-ը անդամների: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կոչ է արել իր կառավարությանը զսպվածություն ցուցաբերել Գազայի հատվածում լարված իրավիճակի նկատմամբ: Աղբյուրի տեղեկացմամբ' հունիսի սկզբից Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է ավելի քան 150 հրթիռ :
Իր հերթին Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից պահանջել է կազմավորել միջազգային հանձնաժողով, որը կզբաղվի պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի խախտումների ուսումնասիրությամբ, այդ թվում' 15-ամյա պաղեստինցի Մուհամմադ Աբու Խադիրի ողջ-ողջ այրելու հանգամանքներով: Մահմուդ Աբբասը հայտարարել է, որ նախորդ 2 շաբաթների ընթացքում 16 պաղեստինցիներ են զոհվել, այդ թվում' կանայք և երեխաներ: