Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շարունակում է ուսումնասիրությունները հագուստի վաճառքով զբաղվող ընկերությունների գործունեության, մասնավորապես, վերջիններիս վարած զեղչային քաղաքականության ուղղությամբ: ՏՄՊՊՀ հերթական դիտանցումների արդյունքում բացահայտվել են մի քանի ընկերություններ, որոնք անիրական կամ կեղծ զեղչերի միջոցով փորձել են մոլորեցնել սպառողներին: Խախտումներ են հայտնաբերվել «ԱՎԲ Գրուպ», «Գրետա Սահակյան» ԱՁ, «Նինա Զարդարյան» ԱՁ,«Սանտեխնիկա-96» ընկերություններում:

 

Վերջիններս գովազդել են, որ իրենց խանութներում հագուստի և սանտեխնիկայի վաճառքն իրականացվում է ինքնարժեքով կամ մեծ զեղչերով: ՏՄՊՊՀ դիտանցումներով, սակայն, պարզվել է, որ վերոնշյալ ընկերությունները ինքնարժեքով վաճառք չեն իրականացրել, իսկ զեղչերն էլ եղել են խիստ սահմանափակ թվով հագուստի տեսականու համար:

 

Համաձայն օրենքի, ապրանքի իրացման ընթացքում թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների բացակայությունը, որը սպառողին հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմել գովազդվող ապրանքի վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության դրսևորում, ինչն առկա է տվյալ դեպքում:

 

Նկատի ունենալով, որ խախտում թույլ տված ընկերությունները փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ են, որոնց շրջանառության ծավալները փոքր են, բացի այդ շուկային և սպառողների շահերին հասցված վնասը մեծ չէ' ՀՀ ՏՄՊՊՀ նիստում որոշվել է վերոնշյալ 4 ընկերություններին տալ խիստ նախազգուշացում' խախտումը վերացնելու հանձնարարականով:

 

Հանձնաժողովը շարունակելու է դիտանցումները այս ուղղությամբ. նկատի ունենալով ամառային ամիսներին տեղի ունեցող մեծածավալ զեղչերը' առավել խիստ վերահսկողություն կսահմանվի խանութների զեղչային քաղաքականության նկատմամբ: