«Ջերմուկ» ընկերությունը դիմում է ներկայացրել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին այն մասին, որ «Ջերմուկ Գոլդ» և «Արփի» ընկերությունները արտադրանքի պիտակավորման ժամանակ օգտագործում են «Ջերմուկ» ապրանքային նշանը, որը շփոթություն է առաջացնում իրենց ընկերության արտադրանքի նկատմամբ: Հարուցված վարչական վարույթի ընթացքում հանձնաժողովը պարզել է, որ բացի ուրիշին պատկանող ապրանքային նշանի նմանակումից, առկա է նաև ևս մեկ խնդիր:

 

Համաձայն օրենքի, տվյալ ապրանքատեսակը կարող է կոչվել այս կամ այն աշխարհագրական տեղանվան անունով, եթե այն արտադրված է հենց տվյալ վայրում: Տվյալ դեպքում «Ջերմուկ Գոլդ» և «Արփի» ընկերությունների գործունեությունը հակասում է օրենքին:

 

Հանձնաժողովի որոշմամբ, անբարեխիղճ մրցակցություն դրսևորելու համար «Ջերմուկ Գոլդ» և «Արփի» ընկերությունները ստացել են խիստ նախազգուշացում՝ խախտումը վերացնելու հանձնարարականով:

 

Այս ընկերություններն արդեն իսկ ընդունել են խախտումը և գրությամբ դիմել են հանձնաժողովին՝ հայտնելով, որ հստակ ժամկետներում կվերացնեն խախտումը: