Նիդեռլանդները 40 անզեն ոստիկան է ուղարկում Ուկրաինայի արեւելք մալայզիական ինքնաթիռի կործանման վայրը հսկելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով BBC-ին, հայտնել է երկրի վարչապետ Մարկ Ռյուտեն:
Անզեն ոստիկանների խնդիրը, տարածքի պահպանումից բացի, լինելու է դիակների որոնման գործին օգնելը, հավելել է Ռյուտեն:
Հոլանդացի մի խումբ քննիչներ եւ փորձագետներ այժմ գտնվում են Կիեւում: Ոստիկանության ուղեկցությամբ քննիչներն ու փորձագետները կուղեւորվեն օդանավի անկման վայր:
Օրերս Նիդեռլանդներից երեք դատաբժշկական փորձագետներ ժամանել են Դոնեցկի մարզի Տորես քաղաք եւ ձեռնամուխ եղել Malaysia Airlines ավիաընկերության Boeing-ի կործանման հետեւանքով զոհվածների մարմինների նույնականացման աշխատանքին:
Ամստերդամից Քուալա Լումպուր թռչող MH17 չվերթը հուլիսի 17-ին կործանվել է Դոնեցկի մարզի Գրաբովո ավանի մերձակայքում: Ընդամենն ինքնաթիռում եղել է 298 մարդ, որոնք բոլորն էլ զոհվել են: Նրանցից 193-ը Նիդեռլանդների բնակիչներ էին, այդ թվում՝ շատ երեխաներ: