Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) փոխնախագահ Ֆարուք Լողօղլուն երկրի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուին կոչ է արել հրաժարական տալ այն բանի համար, որ վերջինս մինչ այժմ չի կարողացել ազատել Իրաքում իսլամիստ ահաբեկիչների կողմից արդեն երկու ամիս գերեվարված թուրք քաղաքացիներին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը:

 

ԺՀԿ գործիչը քննադատել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման և Մերձավոր Արևելքի վերաբերյալ Դավութօղլուի որդեգրած քաղաքականությունը և նշել, որ այդ հարցերում «Դավութօղլուն սահմամնն անցնող հայտարարություններից զատ այլ բան չի անում»:

 

Նա ասել է, որ այսօր, երբ Իրաքի հյուսիսում եզդիներն ու քրիստոնյաները անմարդկային ճնշումների և կոտորածների են ենթարկվում, Բաղդադի կենտրոնական կառավարությանն արհամարհելով, Իրաքի նավթի վրա աչք դրած և Իրաքի ամբողջականության խախտման մեջ մեծ մասնաբաժին ունեցող իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կառավարության վտանգավոր արտգործնախարար Դավութօղլուն ԻԼԻՊ-ի հարցում ընդդիմությանը մեղադրում է հայրենիքի դավաճանության մեջ:

 

«Նախարարության անձնակազմը 2 ամիս է չի կարողանում ազատել ԻԼԻՊ-ի ձեռքում պատանդ պահվող մեր քաղաքացիներին: Այլ պետությունների կողմից մատի շարժումով կանչվող և ընդդիմախոսների կողմից արհամարվող նման արտգործնախարարը չի կարող քննադատել ընդդիմությանը: Թուրքիային տարածաշրջանում զրո դարձրած արտգործնախարարը պետք է ճանաչի իր չափը: Դավութօղլուն սխալվում է, որ կարող է ԻԼԻՊ-ին օգնելու հետ քննադատելով ընդդիմությանը թաքցնել սեփական անկարող և արկածախնդիր քաղաքականությունը: Փաստերը հստակ և բացահայտ են:

 

ԻԼԻՊ-ի ներկայիս վիճակին հասնելու մե ջ կա նաև ԱԶԿ կառավարության որդեգրած քաղաքականության լուրջ դերը և մասնակցությունը: Դավութօղլուի խտրական դավանաբանական քաղաքականությունը ավերել է մեր տարածաշրջանը: Տարածաշրջանի էթնիկ հայերը, եզդիները, թուրքմենները և քրիստոնյաները արմատական կազմակերպությունների երեսից կանգնած են վերանալու առաջ: Իրեն քննադատողներին դավաճանության մեջ մեղադրող Դավութօղլուն որպես անկարող նախարար պետք է հրաժարական տա»:, -ասել է ընդդիմադիր գործիչը: