Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Եվրահանձնաժողովի ղեկավարները համաձայնվել են բանակցություններ վարել գազի մատակարարումների եւ Եվրամիությանն Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի շուրջը: Այս մասին հաղորդել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը՝ ամփոփելով Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինի՝ օգոստոսի 14-ին կայացած զրույցի արդյունքները, տեղեկացնում է «Արմենպրես»- ը:

 

«Որոշվել Է Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրահանձնաժողովի նախագահների միջեւ կոնսուլտացիաներ անցկացնել այն հարցերի շուրջը, որոնք կապված են (Եվրամիությանն Ուկրաինայի) ասոցացման համաձայանգրի իրականացման, ինչպես նաեւ գազի մատակարարումների շուրջը՝ այն ջանքերին զուգահեռ, որոնք նպատակամղված են քաղաքական իրադրության կայունացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ: Ինչպես հաղորդել են Եվրահանձնաժողովում, այս բանակցությունների շուրջը կոնկրետ պայմանավորվածությունները կհամաձայնեցվեն դիվանագիտական մակարդակով:

 

Կրեմլի մամուլի ծառայությունում հաղորդել են, որ հեռախոսազրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը եւ Ժոզե Մանուել Բառոզուն պայմանավորվել են շփումների շարունակման շուրջը, այդ թվում «հնարավոր անձնական հանդիպման» ժամանակ: