Հայաստանը խորապես անհանգստացած է Իրաքի հյուսիսում եզդի բնակչության հանդեպ շարունակվող զանգվածային բռնությունների և դրա հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի փաստով: Այս մասին նշվում է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանի հայտարարության մեջ, որը «Արմենպրես»-ին տրամադր ել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի գրասենյակը: «Որևէ ազգային և կրոնական փոքրամասնության և, մասնավորապես, Իրաքի եզդիների հանդեպ բռնության կիրառումը բացարձակապես անընդունելի է, և միջազգային հանրությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի դրանք ժամ առաջ դադարեցնելու, տուժածներին աջակցություն ցուցաբե­րելու, մարդասիրական օգնություն տրամադրելու համար:

 

ՀՀ Նախագահի կողմից հանձնարարականներ են տրվել արտգործնա­խարարությանը և դիվանագիտական առաքելու­թյուն­ների ղեկավարներին՝ միջազ­գային ասպարեզում խնդրին պատշաճ մակարդակով հետամուտ լինելու իրենց ջանքերը կրկնապատկելու համար:

 

Նախագահ Սարգսյանն այսօր ՀՀ վարչապետի հետ քննարկել է նաև Հայաս­տանի կողմից տրամադրվող մարդասիրական օգնության՝ նախապես ծրագրված ծավալներն ավելացնելու հարցը, ինչին ՀՀ կառավարությունը լուծում կտա առաջիկա օրերի ընթացքում:

 

Խնդիրը շարունակելու է մնալ պաշտոնական Երևանի ուշադրության կենտրոնում, և Հայաստանի Հանրապետությունն իր ուժերի չափով հետևողականորեն սատարելու է փորձության մեջ հայտնված բարեկամ եզդի ժողովրդին»,-նշված է Սաղաթելյանի հայտարարության մեջ: