ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր այցելեց «Սեւան ազգային պարկ»-ի տարածքում տեղակայված վրանային ճամբար, որտեղ հանդիպեց «Միասին-2014» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի մասնակիցների հետ: Նրան ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ' Գալուստ Սահակյանը շրջեց վրանային ճամբարում, ծանոթացավ համահայկական ֆորումի մասնակից 500 երիտասարդ ուսանողների կենցաղային ու ժամանցային պայմաններին:
Բացելով հանդիպումը' ՀՀ Աժ նախագահը «Միասին» շարժումը համարեց հզոր գաղափար եւ կայացած ու քննություն բռնած ձեռնարկ: «Սա ոչ միայն հաջողված ժամանցի ու հանգստի կազմակերպման միջոց է, այլ նաեւ ձեր կարողությունները բացահայտելու հնարավորություն: Միայնակ մարդը միշտ էլ անզոր է, իսկ հավաքական բազմությունը' ուժեղ:
Մեր հայրենիքի եւ պետության շահերը պահանջում են, որ դուք միշտ միասին ու միաբան լինեք, եւ այս առումով էլ «Միասին» շարժումը ես համարում եմ հզոր շարժում: Մենք մեր ժամանակին հաղթահարել ենք շատ խոչընդոտներմեր հայրենիքի ազատության նվաճման համար, իսկ հիմա դերակատարությունը ձերն է:
Հայոց հայրենիքի հետագա հզորացման ճանապարհը հեշտ չի լինելու, բայց դա լինելու է նաեւ հպարտության ճանապարհ: Իսկ դուք արդեն արարման ճանապարհին եք, որտեղ պետք է լինեք, խրոխտ, ուժեղ եւ միաբան»,-նշեց Գալուստ Սահակյանը:
Ապա ԱԺ նախագահը պատասխանեց համահայկական երիտասարդական ֆորումի մասնակիցների հարցերին: Դրանք հիմնականում վերաբերում էին մեր հանրային ու քաղաքական կյանքում Ազգային ժողովի դերին ու նշանակությանը, պետության կողմից երիտասարդների կրթության, զբաղվածության, սոցիալական վիճակի բարելավման ուղղություններով ձեռնարկվող ու ձեռարկվելիք քայլերին:
«Երիտասարդների հետ աշխատելը մեր հիմնական նխատակն է: Նրանք աշխատում են ինչպես Ազգային ժողովում, այնպես էլ գործադիր մարմնում»,- հավելեց Գալուստ Սահակյանը: Հարցերից մեկն էլ անձնական բնույթի էր.»Որտե՞ղ կաշխատեիք Դուք, եթե չլինեիք քաղաքականության մեջ ու պետական իշխանության համակարգում»: Հարցին Գալուստ Սահակյանը տվեց կարճ եւ սպառիչ պատասխան. «Անպայման ուսուցիչ կաշխատեի»:
Խոսրով Խլղաթյան