ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը սեպտեմբերի 4-ին պաշտոնապես կբացվի Նյուպորտ ոչ մեծ քաղաքում՝ Celtic Manor առողջարանային համալիրում: Երկու տարին մեկ անցկացվող հանդիպման առաջին օրվա ուշադրության կենտրոնում կլինի Ուկրաինայի իրադրությանը նվիրված նիստը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Դեռ մինչեւ աշխատանքային ծրագրի սկսվելը կկայանա Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի ելույթը, որը կշարադրի իրադարձությունների համատեքստը, իսկ այնուհետեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի հետ միասին կդիմավորի ժամանող օտարերկրյա ղեկավարներին:

 

Գագաթնաժողովը պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մակարդակով պաշտոնապես կբացվի Աֆղանստանին նվիրված հանդիպմամբ, որը կսկսվի Երեւանի ժամանակով ժամը 16:00-ին: Հանդիպմանը ծրագրված են ՆԱՏՕ-ի մասնակից 28 երկրների ղեկավարների բանակցությունները դաշինքի գործընկեր 27 պետությունների ներկայացուցիչների հետ:

 

Երկրորդ նստաշրջանը նույնպես կբացվի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19:45-ին: Դա կլինի ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի հանդիպումը: Կազմակերպիչները հայտնել են, որ հրավիրված է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Սպասվում է, որ կքննարկվեն Կիեւի հետ երկարաժամկետ գործընկերության հարցերը, նոր ծրագրերն այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են հրամանատարությունն ու հսկողությունը, լոգիստիկան, օգնությունը վիրավորներին, անձնակազմի պատրաստումը եւ այլն:

 

Երեկոյան ժամերին պլանավորված է պետությունների ու կառավարությունների ղեկավարների աշխատանքային ընթրիքը Կարդիֆում, որտեղ նախատեսվում է քննարկել Իրաքի եւ Սիրիայի իրադրությունը:

 

Գագաթնաժողովի երկրորդ եւ եզրափակիչ օրը՝ սեպտեմբերի 5-ին, ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների ղեկավարները կանցկացնեն Հյուսիսատլանտյան խորհրդի երկու նստաշրջան: Դրանից հետո Ռասմուսենն արդյունքները կամփոփի հանրագումարային մամուլի ասուլիսում, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: