Սեպտեմբերի 25-ին պլանավորված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի նախագահությամբ, որը նվիրված կլինի ահաբեկչության դեմ պայքարի հարցերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 4-ին հաղորդվում է համաշխարհային կազմակերպության կայքում:
ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերն ասել է, որ «ահաբեկչությանը նվիրված նիստը կանցկացվի պետությունների ու կառավարությունների ղեկավարների մակարդակով»:
«Սեպտեմբերի 25-ին նախագահ Օբաման Անվտանգության խորհրդի գագաթնաժողով կանցկացնի միջազգային ամենաբարձր մակարդակով՝ ուշադրություն դարձնելու այլ պետություններում ընթացող մարտական գործողություններին ահաբեկիչների մասնակցության հետ կապված հարաճուն ու վտանգավոր երեւույթի վրա»,- հայտարարել է ԱՄՆ-ի դեսպանը:
Նա նաեւ հայտնել է, որ նիստում բրիֆինգով հանդես կգա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, իսկ Խորհուրդը նիստի ընթացքում առանձնակի ուշադրություն կդարձնի Իրաքի եւ Ուկրաինայի իրադրությանը, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: